Տնակային ավանի զբաղեցրած հողատարածքները օտարված են
00:00, January 16, 2007 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2002-2004թթ Վանաձորի քաղաքապետարանի կողմից աճուրդի է դրվել և օտարվել 41 կտոր հողատարածք, որոնք արդեն նոր սեփականատերեր ունեն, թեև այդ հողատարածքների վրա դեռևս տեղադրված են տնակներ:
ՀՔԱ Վանաձորի թիվ 1, 2 ,3, 4 տնակային ավանի հողատարածքների օտարման օրինականության խնդրի համակողմանի ուսումնասիրության արդյունքները հակասական են: Հողատարածքների օտարման գործընթացը իրականացվել է ՀՀ «Հողային օրենսգրքի», «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի խախտումներով: Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվությամբ՝ հողատարածքների օտարումն իրականացվել է առանց համայնքի ավագանու որոշման: Բացի այդ, հողատարածքներն օտարվել են, երբ հողը դեռևս զբաղեցված է տնակներով, այսինքն՝ ծանրաբեռնված: ՀՀ «Հողային օրենսքգրքով» այս փաստը հողատարածքի օտարման խոչընդոտ է:
Նման խախտումներով իրականացված գործընթացը էական հետևանքներ ունի տնակային ավանի բնակիչների համար:
Ստացվում է, որ քաղաքացին ոչ թե բնակվում է քաղաքապետարանի թույլատվության և իմացության պայմաններում տեղադրված տնակում, այլ ապօրինի կարգով բնակվում է ուրիշի սեփականությունը հանդիսացող տարածքում:
Միաժամանակ տարածքի սեփականատիրոջ փոխարեն հանդես է գալիս Վանաաձորի քաղաքապետարանը, և տնակն ազատելու պահանջով դատական հայցեր է ներկայացնում Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:
Քաղաքապետարանը հայց ներկայացնելիս իր պահանջը հիմնավորում է նաև նրանով, որ քաղաքապետարանն իրավունք ունի հայց ներկայացնել հողը ոչ նպատակային օգտագործողի դեմ նպատակային օգտագործման պահանջով: Այս տեսակետից քաղաքապետի պահանջը ևս անհիմն է, քանի որ հողի նպատակային օգտագործման պահանջ կարող է ներկայացնել համայնքի ղեկավարը հողի սեփականատիրոջ նկատամամբ կամ օրինական օգտագործողի/վարձակալություն, մշտական օգտագործում և այլն/:
Տնակի բնակիչները դատարանի կողմից ի օգուտ Վանաձորի քաղաքապետարանի կայացված վճռի արդյուքնում փաստացի մնում են անօթևան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հողատարածքների օտարման խնդրի օրինականությունը պարզելու համար Լոռու մարզի դատաղազություն 2006թ. հուլիսին գրություն էր ուղարկվել: Դատախազության կողմից պատասխան գրությունը ստացվել է 2006թ. դեկտեմբերին: Գրության մեջ նշվում է.«Ուսունասիրությամբ պարզվել է, որ 2002-2005թթ. Վանաձորի քաղաքապետարանի կողմից օտարվել է Վանաձոր քաղաքի քիմ. կոմբինատի տարածքի թիվ 1, 2, 3, 4, 5 տնակային ավանների հողատարածքները: Հողամասերի վաճառքը կատարվել է աճուրդային կարգով՝ ըստ իրենց նպատակային նշանակության: Նշված աճուրդներն իրականացվել են ՀՀ Հողային օրենսգրքի 68 հոդվածի 2-րդ և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, զանգվածային լրատվության միջոցներով իրականացված հրապարակումների պայմաններում, նման դեպքերում տնակների բնակիչներն իրավունք ունեին մյուս մասնակիցների հետ հավասար պայմաններով մասնակցել տնակային ավանների հողամասերի աճուրդներին:
Նշված տարածքները ազատելու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցադիմումները Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել են: Ուստի տնակային ավանի բնակիչներին իրավունք է վերապահվել վճիռը բողոքարկել վերաքննիչ և վճռաբեկ դատարան հարցը դատակա կարգով լուծելու համար»:
Տնակային ավանի բնակիչ Հովհաննես Սանթրոսյանը բողոքարկեց Լոռու մարզի առաջին ատյանի կողմից «Հողամասի ապօրինի օգտագործումը դադարեցնելու և ոչ հիմնական շինությունը տեղափոխելու պահանջի մասին »կայացված վճիռը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Վանաձորի քաղաքապետարանի պահանջը՝ հողամասի ապօրինի օգտագործումը դադարեցնելու և ոչ հիմնական շինոթյունը տեղափոխելու մասին:
Ստացվում է, որ մի կողմից Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրության արդյունքում Վանաձորի քաղաքապետարանի կողմից հողատարածքների օտարման որևէ անօրինականություն չի հայտանաբերել: Մյուս կողմից դատախազությունը խորհուրդ է տալիս բողոքարկել Լոռու մարզի առաջին ատյանի վճիռները: Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժում է Վանաձորի քաղաքապետարանի պահանջները:
Տնակի բնակիչները մնում են առանձ մշտական բնակության վայրի, հողատարածքների օտարման խնդիրը՝ դատախազության ուսումանսիրությամ՝ օրինական: