Քոչարյանական կադր ընկալվող Աղվան Հովսեփյանը «արքայի» համար ցանկալի թեկնածու չէ՞ր
09:52, September 27, 2013 | ՆորություններԻնչպես հայտնի է, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Ինչու՞ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Կոստանյանի վրա, որքանո՞վ է նա պատրաստ ղեկավարելու գլխավոր դատախազի պաշտոնը: Թեմայի շուրջ զրուցել ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, Սերժ Սարգսյանը ճի՞շտ որոշում է կայացրել, ըստ ձեզ:
– Ես գտնում եմ, որ միանշանակ որոշումը ճիշտ չէր:
-Ինչու՞:
– Չնայած ինչպիսին էլ որոշումը լիներ, մեծ հաշվով դա նշանակություն չէր ունենա քաղաքական կամք կատարելու առումով, բայց եթե դա թողնենք մի կողմ, ապա մասնագիտական կարողությունների տեսանկյունից զինդատախազությունը դատախազության համակարգի մի մասն է, իսկ գլխավոր դատախազի գործառույթները ընդգրկում է ողջ դատախազական համակարգը, ուստի ավելի ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազ լիներ Հովսեփյանի տեղակալներից մեկը, ով ունի ավելի մեծ աշխատանքային փորձ, ավելի ամբողջական ու լավ է տիրապետում համակարգին: Կոնկրետ Գևորգ Կոստանյանը դատախազության համակարգում փորձ չունի: Ինքը որևէ աչքի ընկնող քայլ չի կատարել զինվորական դատախազության գործառույթների կատարման տեսանկյունից կամ ինչ-որ որակ չի մտցրել այդ ոլորտում:
– Իսկ Աղվան Հովսեփյանը, որպես գլխավոր դատախազ, դատական համակարգում ինչ-որ որակ մտցրե՞լ է:
– Աղվան Հովսեփյանը մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հանցագործությունների կոծկման հարցում ունի մեծ դերակատարություն. դա միանշանակ է: Աղվան Հովսեփյանը նաև քաղաքական համակարգի մասն է. դա ևս միանշանակ է: Միանշանակ է նաև, որ նա կոռուպցիոն լուրջ սկանդալների մեջ խառնված է: Սակայն նա ունի լուրջ փորձ և դատախազական համակարգը հինգ մատի պես գիտի: Եվս մի կարևոր բան. Հովսեփյանը քաղաքական պատվերներ կատարելու շրջանակներից բացի ավել բանի չէր ձգտում: Ես իր գործունեության ընթացքում չեմ հիշում, որ նա իր գործառույթները օգտագործի անձնական վրեժխնդրություն իրականացնելու համար:
– Կոստանյանը օգտագործու՞մ է:
-Կոստանյանի դեպքում այդ վտանգները գոյություն ունեին: Օրինակ` Սարգիս Պողոսյանի գործը վերցնենք: Նա առանց դատարանի որոշման կալանքի տակ է վերցվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում` գլխավոր դատախազի գրության հիման վրա: Գործում նշված էր, որ գլխավոր դատախազի ցուցումով է դա արվել: Դա ակնհայտ ապօրինություն էր` անկախ նրանից՝ Սարգիս Պողոսյանը բողոքում էր, թե ոչ: Ուստի մենք այդ հարցը մտցրեցինք քրեական ոլորտ, Հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցեց և վերաքննիչ դատարանը դա ճանաչեց որպես իրավունքի խախտում: Դա այս նույն ժամանակ էր, երբ Կոստանյանը նոր էր նշանակվել զինդատախազ, նույն ժամանակը, երբ Գևորգ Կոստանյանի ու Աղվան Հովսեփյանի միջև ընդհարում էր տեղի ունեցել: Գևորգ Կոստանյանը, փաստորեն, կարողացավ նախագահական համակարգի վրա ազդեցություն ունենալ և ընդունել տալ այսպիսի որոշում, որով, ըստ էության, իրավական գնահատական է տրվում գլխավոր դատախազի բանավոր ցուցումին:
– Կա նման կարծիք, թե իշխանությունը ԱԱԾ օրենքում փոփոխություններ կատարեց միայն նրա համար, որ ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանին համակարգում պահի: Սակայն նույնը չարվեց Հովսեփյանին համակարգում պահելու ուղղությամբ: Հաշվի առնելով Կոստանյան – Հովսեփյան ոչ այնքան լավ հարաբերությունները, դուք միտում տեսնու՞մ եք Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելու և Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու մեջ:
– Գորիկ Հոկոբյանի դեպքում մի փոքր այլ է: Գորիկ Հակոբյանի ֆենոմենի մեջ բավականին լուրջ ազդեցություն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը: Այսինքն` Հայաստանի ԱԱԾ-ն դեռևս լիովին անկախ Հայաստանի համակարգ չէ: Մեր Ազգային անվտանգության ծառայությունն ու ՌԴ-ինը իրար հետ սերտ կապի մեջ են գտնվում. ինչպես գիտենք, ռուսական սահմանապահ զորքեր են տեղակայված Հայաստանում, ուստի Գորիկ Հակոբյանի մնալ-չմնալու հարցը միայն Հայաստանի քաղաքական իշխանությունների որոշելիքը չէր: Իսկ ինչ վերաբերում է դատախազին, ապա նա ավելի շատ մոտ է «արքային»: Պետք է նաև նշել, որ Աղվան Հովսեփյանն ավելի շատ ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի կադր, հետևաբար ցանկացած արքա ցանկանում է իր կադրերին տեղավորել իր համար ցանկալի պաշտոններում: Այս դեպքում այդ կադրը հանդիսացավ Գևորգ Կոստանյանը:
-Այսինքն քոչարյանական կադրերից ազատվելու խնդի՞ր էր դրված:
-Դա իմ կարծիքն է. կրկնում եմ, որ պրոֆեսիոնալ առումով դատախազի տեղակալներից մեկը կարող էր նշանակվել:
-Շատերը Սուրիկ Խաչատրյանի որդու քրեական գործի շրջանակներում Կոստանյանի` Խաչատրյաններին անվերապահորեն ծառայելու փաստը հիմնավորված են համարում և կարծիք հայտնում, որ նա ապացուցեց իր նվիրվածությունը համակարգին, որի համար պարգևատրվեց:
– Այստեղ Սուրիկ Խաչատրյանի անձը չէ հարցը: Նրա փոխարեն եթե մեկ այլ անձ լիներ, որ արել և, ըստ իս, շարունակում է անել այն ամենը, ինչ Սուրիկ Խաչատրյանը Սարգսյանի համար, ապա հասկանալի կլինի, թե ինչու է նրա նկատմամբ նման հովանավորչությունը: Կան հրապարակային և ոչ հրապարակային գործառույթներ: Սուրիկ Խաչատրյանի ոչ հրապարակային գործառույթների նշանակությունն այնքան մեծ է, որ արժանանում է այդպիսի հովանավորչության և ունի նման ազդեցություն:
– Կոստանյանի դատախազ դառնալուց, այնուամենայնիվ, ոչ մի սպասելիք չունե՞ք:
– Ես կարծում եմ, որ Կոստանյանը ավելի շատ կձգտի լավագույն կատարել քաղաքական պատվերները:
– Կոստանյանը , ըստ ձեզ, դատախազությունում կադրային փոփոխություններ կկատարի՞:
– Իր սուբյեկտիվ ընկալմամբ կկատարի, օրինակ կփոխի Աղվան Հովսեփյանի տեղակալներին: Այսինքն, դեռ հարց է` նրանք կկարողանա՞ն աշխատել Կոստանյանի հետ:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/axvan-hovsepyan_ne45.html