Ցմահ դատապարտյալների հացադուլն արդարացի է. իրավապաշտպանները պայմանական վաղաժամ ազատման մասին
17:31, July 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԻրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ավետիք Իշխանյանը արդարացի են համարում Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալի հացադուլ հայտարարելը՝ ի նշան բողոքի, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում։
Արթուր Սաքունցի խոսքով՝ պետությունը արդարադատության բնագավառում անձանց նկատմամբ որդեգրել է պատժողական մոտեցում և ոչ թե՝ ինտեգրման: «Դրանով է պայմանավորված, որ չափորոշիչները և մոտեցումները պետք է հստակեցվեն պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, մյուս կողմից էլ չեն ուզում հստակեցնել, որ մարդկանց համար հասկանալի չլինի, որ բողոքարկելու հնարավորությունից զրկեն։ Եվ բացի այդ, դա բավական պարարտ հող է կոռուպցիոն դրսևորումների համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց. «Բայց դա ավելի շատ պատժիչ բնույթ ունի, մարդիկ դատապարտվում են իրենց արարքի համար, իսկ իշխանությունները չկիրառելով այդ կարգը՝ գտնում են, որ մարդիկ չպետք է վերադառնան հասարակություն և կրկնակի են պատժում նրանց»:
Իրավապաշտպանի համոզմամբ շատ ճիշտ են արել ցմահ դատապարտյալները, որ հացադուլ են հայտարարել: «Իհարկե, դատապարտյալը չպետք է քրեակատարողական հիմնարկի կարգապահական կանոնները խախտի, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներքին բողոքարկման մեխանիզմները, ցավոք սրտի, չեն գործում, որովհետև մարդիկ խուսափում են բողոքելուց, և նույնիսկ ես կարող եմ վստահ ասել, որ այդ կարգապահական տույժերը, պատժախուց ուղարկելը հիմնավորման տեսանկյունից խիստ կասկածելի են»,- ասաց նա և օրինակ բերեց բջջային հեռախոսների տրման փաստը. «Մարդկանց մասսայաբար կարող են ուղարկել պատժախուց կամ նկատողություն տալ, բայց ոչ մի անգամ հարց չի բարձրացվում, թե ինչպես են այդ հեռախոսները հայտնվում ՔԿՀ-ներում»:
Արթուր Սաքունցը նկատեց, որ եթե համեմատենք քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ տույժերի կամ գործերի հարուցման թվաքանակը դատապարտյալների նկատմամբ հարուցվածների հետ, կտեսնենք, որ խիստ անհամաչափ են: Այսինքն՝ ավելի մեծ թվով բջջային հեռախոսներ առգրավում են, բայց շատ քչերն են պատասխանատվության ենթարկում: Եվ ինչպես իրավապաշտպանը նկատեց, հետաքրքիր է, որ իրենք մատակարարում եմ, մի կողմից էլ դատապարտյալին պատասխանատվության ենթարկում հեռախոս պահելու համար:
«Իրենք իրենց կոռուպցիոն երևույթները չեն վերացնում, բայց կոռուպցիայի հետևանքով առաջացած խախտումն արձանագրում են այն դեպքում, երբ կալանավորն այս կամ այն դեպքում չի ենթարկվում իրենց»,- ասաց նա և ավելացրեց, որ հաճախ էլ իրավապահները փոխանակ նպաստեն, որ թմրամիջոցի հետ կապ ունեցողները ներգրավվեն բուժման գործընթացներում, ավելի շատ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը նպաստելու գործընթաց են կատարում և դրանով, որպես քավության նոխազ, ազատազրկված անձանց նկատմամբ ավելի շատ քրեական գործեր են հարուցում, քան քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների։
ՔԿՀ-ներում ազատազրկված անձը խոցելի է իրավական պաշտպանվածության տեսակետից, և ինչպես Արթուր Սաքունցը շեշտեց, այդ անելանելի վիճակից դուրս գալու նրանց վերջին միջոցը մնում է հացադուլ հայտարարելը:
Խնդրի համատեքստում Ավետիք Իշխանյանն էլ հիշեցրեց, որ դեռ 2003թ.-ին, երբ Հայաստանում մահապատիժը վերացավ և ցմահ դատապարտման պատժատեսակը մտցվեց, ցմահ դատապարտվածներից որևէ մեկի գործը չվերանայվեց այն դեպքում, երբ պետք է վերանայվեր: «Նրանց նկատմամբ հաջորդ անտեսումը եղավ 2011թ.-ին, երբ փոփոխություններ մտցվեցին պատժաչափերի մեջ, դատապարտյալների գործերը նույնպես վերանայման կարիք ունեին, սակայն անտեսեցին և որևէ մեկի գործը չբավարարվեց դատարաններում»,- ասաց նա և շարունակեց թվարկել. «Հաջորդը, որ Հայաստանում օրենսդրորեն ամրագրված է, բայց չի գործում, ցմահ դատապարտյալների համար վաղաժամկետ ազատման մեխանիզմն էր, այն է՝ 20 տարի նստելուց հետո, եթե նրանք որևէ հանցանք չեն գործել, նրանք պետք է վաղաժամկետ ազատվեն»:
Իրավապաշտպանի տեղեկություններով, սակայն, դա չի գործում, և երբ դատապարտյալները 20 տարի որևէ հանցանք գործած չեն լինում, նրանց նկատմամբ կեղծ պատիժ են սահմանում բջջային հեռախոս պահելու և այլ պատճառներով և նրանցից որևէ մեկի գործը չի վերանայվում. «Էլ չեմ ասում այն խնդիրների մասին, որ դատապարտյալների շատ գործեր վիճելի են»:
Իշխանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կան հարյուրից ավել ցմահ դատապարտվածներ, որոնք անտեսված են իշխանությունների կողմից, և այդ տեսանկյունից ինքը նրանց բողոքները լիովին արդարացի է համարում. «Նրանց պահանջները հին պահանջներ են, իսկ բողոքներն արդարացված են»:
Իսկ թե ինչու, ի վերջո, պայմանական վաղաժամ ազատման մեխանիզմը չի գործում Հայաստանում, իրավապաշտպանը պատասխանեց. «Մի կողմից մեզ մոտ և՛ իշխանության, և՛ հասարակության կողմից դատապարտյալ հասկացությունը համարվում է հանցագործ, և նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքն ու վաղաժամ ազատումը դեռ չի ընկալվում մեր հասարակության կողից, առավել դաժան է վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ, որովհետև երբ ասում են ցմահ, պատկերացնում են ինչ-որ հրեշի, էլ չեն խորանում նրանց գործերի մեջ, իսկ երրորդն այն է, որ գոյություն ունեն նաև քաղաքական դրդապատճառներ»:
Աղբյուրը՝ www.tert.am