Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասնիններորդ դատական նիստի մասին
16:12, June 2, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի մայիսի 27-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնիններորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Դատական նիստն սկսվեց 25 րոպե ուշացումով:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությամբ հարցաքննվեց գործով ներգրավված ևս մեկ վկա՝ 102-րդ ռազմաբազայի աշխատակից Աշոտ Կարապետյանը: Վերջինս, իր բազմամյա փորձից ելնելով, ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենում ռազմաբազայի զինծառայողների կազմի համալրումը՝ նշելով, որ այդ նպատակով ընտրվում են լավագույնները: Ապա ներկայացրեց դեպքի մանրամասները:
Վկա Ա. Կարապետյանը զորամասի շտաբի պետի հրամանով զինվորի դասալքության մասին տեղյակ է պահել ռազմական ոստիկանությանը, որտեղից էլ, նշելով, որ իրենք համապատասխան լիազորություններ և ռեսուրսներ չունեն դասալիք զինվորին հայտնաբերելու համար, ուղղորդել են դիմել ոստիկանություն:
Ապա շտաբի պետի հրամանով վկան միացել է որոնողական աշխատանքներ իրականացնող ոստիկաններին, որոնց հետ գնացել է ծառայողական շան հետ իրականացված որոնումների ժամանակ արձանագրված հասցեներով: Դրանցում, սակայն, Ավետիսյանների բնակարանի հասցեն ներառված չի եղել:
Վ. Պերմյակովին նշված հասցեներում չհայտնաբերելուց հետո Ա. Կարապետյանը վերադարձել է զորամաս՝ դասալիքի որոնման պլան կազմելու նպատակով, որը տարածել է ոստիկանական բաժանմունքներում և վերադարձել աշխատավայր:
Ա. Կարապետյանը ականատես է եղել նաև Վ. Պերմյակովին ձերբակալելուց հետո զորմաս բերելու գործընթացին, որի ժամանակ էլ, իր խոսքերով, նկատել է քաղաքացիական հագուստով ՀՀ իրավապահների: Այդ ընթացքում Վ. Պերմյակովին հարց է ուղղել կատարվածի վերաբերյալ, ինչին Վ. Պերմյակովը պատասխանել է, թե չի պատկերացնում, որ նման բան է արել:
Փաստաբանների կողմից հնչեցրած հարցերին՝ որոնող շան մասնագիտական կարողությունների, Ավետիսյանների տան հետքը չգտնելու հետ կապված, վկան, մասնագիտական ուղղվածությամբ պայմանավորված, չկարողացավ պատասխանել:
Տուժողների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանը քաղաքացիական հայց ներկայացրեց՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ, որով սպանված ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի մասով պահանջվել է 50.000-ական եվրո, իսկ անչափաս երկու երեխաների մասով՝ 100.000-ական եվրո դրամական փոխհատուցում:
Ներկայացված քաղաքացիական հայցը թարգմանելու և այն համապատասխան հասցեներով ուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին: