Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչները կդիմեն Եվրոպական դատարան
20:02, March 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների, «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ևս իրականացվել է քաղաքական հետապնդում, մասնավորապես՝ 2015 թ. ապրիլի 7-ին նրա բնակարանում և նրա տրամադրության տակ գտնվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:
Հովհաննես Ղազարյանի իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավվել են փաստաբաններ Ա. Հարությունյանը և Ա. Սուքիասյանը:
Խուզարկության ընթացքում ապօրինաբար առգրավված իրերը վերադարձնելու, ինչպես նաև խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումների պատճենները տրամադրելու պահանջով դիմում է ներկայացվել ՀԿԳ Քննչական վարչություն: Մերժում ստանալուց հետո բողոք է ներկայացվել Դատախազություն, ապա՝ դատարան:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն` Հովհ. Ղազարյանին հնարավորություն ընձեռնելով՝ օգտվելու կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներից, այն է՝ ծանոթանալ իր մասնակցությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին և պատճենահանել դրանք, ինչպես նաև ցուցում է տրվել՝ 2015թ.-ի մայիսի 13-ի դիմում-բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանի կողմից մերժվել են 2015թ. ապրիլի 4-ին Հովհ. Ղազարյանի բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկության ընթացքում թույլ տրված իրավունքների խախտումների փաստացի ճանաչման և առգրավված իրերի վերադարձման պահանջները, որոնց մասով ներկայացվել է վերաքննիչ բողոք:
2015 թ. հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այն:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ Հովհ. Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանի կողմից 2015 թ. նոյեմբերի 14-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք:
2016 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը՝ պատճառաբանելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը) հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը հիմնավորված չեն (Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, 2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա):
ՀՀ Վճռաբեկ դատարանը գտնում է. «….բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:»
Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչներ Ա. Սուքիասյանը և Ա. Հարությունյանը պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան: