«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
13:10, November 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՎերջինս սպառնացել էր «գործ սարքել» դատապարտյալի գլխին
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը տեղեկացել էր «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ նույն ՔԿՀ-ի աշխատակցի կողմից շարունակական սպառնալիքների մասին, մասնավորապես, վերջինս սպառնացել էր, դատապարտյալի խոսքերով, «գործ սարքել» գլխին»:
Դիտորդական խումբը դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով, սակայն դիմումն այդպես էլ անհետևանք էր մնացել, իսկ Կ. Ս.-ն ավելի ուշ հրաժարվել էր իր կողմից ներկայացված բողոքից:
Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 12-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ՀՔԾ, ի պատասխան՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելու (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հանցակազմի բացակայության հիմքով:
2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում-բողոքով դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչ Վ. Մինասյանի՝ 29.09.2015թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով՝ գտնելով, որ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից քննության շրջանակներում, առհասարակ չի քննարկվել հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված հանգամանքները, ինչը Կազմակերպության կողմից գնահատվում է որպես հանցագործությունը թաքցնելու դիտավորություն:
Ի պատասխան՝ ՀՀ ՀՔԾ-ից հայտնում են, որ 09.10.2015թ. ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Է. Արամյանի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 29.09.2015թ.-ի որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Դատապարտյալ Կ. Ս.-ը քրեական գործի շրջանակներում դեռևս տուժող չի ճանաչվել, գործի շրջանակներում փաստաբան ներգրավված չէ:
Փաստորեն, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, չնայած նրան, որ քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերն ունեցել է դեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդման ներկայացման պահին, այնուամենայնիվ քրեական գործ հարուցել է միայն Կազմակերպության կողմից դիմում-բողոք ներկայացնելուց հետո:
Մնում է միայն հուսալ, որ կիրականացվի արդար քննություն և դատապարտյալ Կ. Ս.-ը ստիպված չի լինի հերթական անգամ հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից: