Իրավապաշտպանների նկատմամբ սուտ մատնության հիմքով քրեական հետապնդման միտումը
19:35, March 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զբաղվում է Վանաձոր ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ի խախտված իրավունքների պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել էր, որ դատապարտյալ Կ. Ս.-ը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից:
Դրան հաջորդել էր Դիտորդական խմբի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումը՝ դատապարտյալին, անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ՔԿՀ տեղափոխելու հարցով: Նախարարությունը ընդառաջ չէր գնացել Դիտորդական խմբի խնդրանքին:
2015 թ. սեպտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել էր: Որոշումը վերադասության կարգով բողոքարկելուց հետո 2015 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Է. Արամյանի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 29.09.2015թ.-ի որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Հարուցված քրեական գործը 2015 թ. դեկտեմբերի 9-ին կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քննիչը որոշում է կայացրել նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու, ինչպես նաև՝ հաղորդում ներկայացրած և վկայի կարգավիճակում գտնվող իրավապաշտպանների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված /սուտ մատնություն/ հանցակազմի շրջանակներում վարույթն իրականացնող քննիչի կողմից քրեական հետապնդում իրականացնելուն իրավական գնահատական տալու պահանջով:
2016 թ. հունվարի 8-ի որոշմամբ ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է Կազմակերպության վերոնշյալ բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Իրավապաշտպանների նկատմամբ սուտ մատնության հանցակազմի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելու առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազության որոշման մեջ նշվում է. «Այս առումով տեղին է նախաքննության մարմնի կողմից գնահատական տրվել ակնհայտ սուտ մատնություն կատարելուն, քանի որ գործով ձեռք են բերվել Արայիկ և Օֆելյա Զալյանների, Արթուր Սաքունցի հայտնած հանգամանքները հերքող ապացույցներ, ուստի այդ մասով ևս բողոքաբերների հետևությունն անհիմն է»:
ՀՀ Գլխավոր դատախազության 2016 թ. հունվարի 8-ի որոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոքարկվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Տեղին է հիշեցնել, որ ՄԱԿ-ի Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագրի 12-րդ հոդվածի համաձայն՝
- Յուրաքանչյուր ոք անհատապես կամ այլ անձանց հետ միասին, իրավունք ունի մասնակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին խախտումների դեմ իրականացվող խաղաղ միջոցառումներին:
- Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իրավասու մարմինների կողմից պաշտպանելու համար յուրաքանչյուրին անհատապես կամ այլ անձանց հետ միասին ցանկացած խախտումից, սպառնալիքից, հատուցումից, դե ֆակտո կամ դե յուրե, թշնամությունից, խտրականությունից, ճնշումից, կամ այլ կամայական գործողություններից, որպես հետևանք իր այն իրավունքների իրավաչափ իրականացման, որոնք վկայակոչված են սույն Հռչակագրում:
- Այս կապակցությամբ, յուրաքանչյուր ոք իրավասու է անհատապես կամ այլ անձանց հետ միասին ազգային օրենսդրությամբ արդյունավետորեն պաշտպանված լինել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներին խաղաղ միջոցառումներով կամ գործողություններով արձագանքելիս, դրանց ընդդիմանալիս, ներառյալ պետության թողտվությամբ իրականացվողները, ինչպես նաև անհատների կամ խմբերի կողմից իրականացվող բռնության այն գործողություններից, որոնք կարող են ազդել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացմանը: