Անզոր Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց
19:09, October 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներԱյսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 4-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը ներկայացրեց ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիմնավորումները:
Գործը հսկող դատախազը և պատասխանող կողմը առարկեցին բողոքի դեմ:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս կամավոր ներկայացել է ոստիկանություն, որից հետո նրան ձերբակալել են: Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է, գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած են գտել:
2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի կողմից բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով: