Արթուր Սաքունց. «Քրեական աշխարհում միջադեպերի հնարավորությունը պայմանավորված է իշխանության թողտվությամբ»
16:46, March 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ«Միշտ էլ նման դեպքեր եղել են»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում մարտի 4-ին հնչած կրակոցներին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նկատեց, որ այդ միջադեպը հաջորդել է Հայաստանում քրեական համաժողովի իրականացմանը. «Երբ հարց էր տրվում, թե ինչպես կարող է Հայաստանում քրեական աշխարհի համագումար տեղի ունենալ (նման երեւույթ հնարավոր է միայն քրեական բովանդակությամբ երկրներում կամ մի երկրում, որտեղ քրեական կարգերն ընդունված են), ասացին, որ որեւիցե հիմքեր չունեն այդ մարդկանց նկատմամբ օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու: Չունեին եւ դրան հաջորդեց այն, ինչ տեսնում ենք եւ էլի է տեղի ունենալու, որովհետեւ եթե ժամանակին միջոցներ չես ձեռնարկում, ապա իրենց կանոնները սկսում են ավելի արդյունավետ աշխատել եւ շարունակական բնույթ են կրում»:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ նման միջադեպերի, քրեական աշխարհի համագումարների իրականացման հնարավորությունը պայմանավորված է քաղաքական իշխանության թողտվությամբ. «Դրա վկայությունը Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտնի ելույթն է, որ ինքն ամեն ինչից բավականին տեղյակ է, եւ ինքն է որոշում՝ իրավապահ մարմինները գործողություններ իրականացնե՞ն քրեական տարրի նկատմամբ, թե՞ ոչ: Պետական մարմինների, հանձինս՝ ամենագլխավոր քաղաքական իշխանությունն ունեցող անձի, քրեականացված բնույթն է որոշիչ լինելու: Եթե հարմար գտնեն, կթողնեն քրեականությունը, եթե ոչ՝ ժամանակավոր կկանխեն»:
Աղբյուրը` www.aravot.am