Հիմա այնպիսի անհեթեթ իրավիճակ է, որը երկար չի կարող ձգվել
10:47, May 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր ԽորհրդարանՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Երեկ ազատ արձակվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամները։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ռեժիմը պետք է հեռանա, քանի որ գործել է Սահմանադրության դեմ։ Կարո՞ղ է արդյոք ՀԽ-ն, երբ ընդդիմադիր հարթակն այսքան ազատ է, ռեժիմի հեռացման հիմք հանդիսանա նման լոզունգներով, որ տարիներ շարունակ ընդդիմադիր կուսակցությունները հարթակից հնչեցրել են։
Մենք ոչ մի անգամ վերլուծության չենք ենթարկել, չենք ձևակերպել, թե ինչն է ընդդիմադիր դաշտից մեր ակնկալածը, հանրային պահանջարկը չի ձևակերպվել որպես ընդդիմադիր դաշտի նկատմամբ ակնկալիք, որին հանրությունը սպասում է։ Այդ տեսակետից մենք տեսնում ենք, որ մշտապես եղել է միայն մեկ ձև՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնողները միշտ միևնույն թեզն են ասել, որ պետք է այս ռեժիմը հեռանա, ինքը վատն է, հանցագործ է, հակաիրավական է, լեգիտիմ չէ և այլն։ Երկար ժամանակ սա որպես հիմնական նշանաբան տիրապետող էր ընդդիմադիր դաշտում, որի շուրջ էլ ձևավորվում էր հանրությունը՝ սկսած 2003թ-ից մինչև 2013թ.։ Մեկ հիմնական հատկություն է բացակայել ընդդիմադիր դաշտում՝ ծրագիրը։ Այսինքն՝ իշխանական լծակներին տիրապետողները կատարում են որոշակի գործառույթներ, այդ գործառույթները կատարում են զուտ այդ լծակների տրամաբանությունից ելնելով։ Իսկ կոնցեպտուալ մոտեցում, թե ինչ պետք է արվի և ինչի համար և ինչ ակնկալիքներ ենք ունենալու, չի եղել։ Հիշեցնեմ Քոչարյանի 100.000 աշխատատեղերի մասին առասպելը։ Արդյունքների նման ձևակերպումն ինքնին անհեթեթություն է, և սա արդյունք չպետք է լինի, այլ պետք է լինի այդ արդյունքի դրսևորումներից մեկը, իսկ արդյունքը պետք է լինի տնտեսության զարգացումը։ Նույնիսկ իշխանությունը չի պատկերացնում, թե որոնք են այն համակարգային փոփոխությունները կամ քայլերը, որ պետք է երկարաժամկետ արդյունք ապահովեն։ Այդ տեսակետից թե իշխանությունը, թե ընդդիմությունը ոչինչ չեն առաջարակում, երկուսն էլ հայտնվել են նույն հարթակում։ Մենք դա տեսանք ԵՏՄ անդամակցության քվեարկության ժամանակ։
Այսինքն՝ մենք այլընտրանք առաջարկող ընդդիմություն այդպես էլ չունեցա՞նք։
Ցավոք, մենք ոչ թե այլընտրանքի մասին պետք է խոսենք, այլ ծրագրային մոտեցման մասին, ոչ թե ազգային ծրագիր ասվածն ի նկատի ունեմ, այլ ՀՀ-ում, ելնելով Սահմանադրությամբ հռչակված դրույթներից և սկզբունքներից, այնպիսի ծրագրի մասին պետք է խոսք լինի, որպեսզի կարողանան ի կատար ածել, ապահովեն սահմանադրական դրույթների իրականացումը։ Հիմա տարբեր քաղաքական ուժեր տարբեր գաղափարներ և ծրագրեր կարող էին առաջարկել և դրա մեջ պետք է լիներ պայքարը, բայց մենք այդպիսի պայքարի ականատեսը չեղանք։
Հիմա, երբ առաջիկայում չկան ընտրություններ, քաղաքական այս ստագնացիայի փուլում հնարավո՞ր է արագ բեկում լինի։ Հայաստանում ներքաղաքական կյանքի փոփոխության հեռանկար կա՞, թե ոչ։
2011-ից հետո երկար ժամանակ քաղաքական դաշտում, քանի դեռ կար ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն դաշինքները, որոնք նաև նախընտրական ժամանակահատվածում ընտրախախտումների դիմագրավման նպատակներ ունեին, խորհրդարանում որոշակի հարցերի շուրջ փորձում էին կոալիցիա կազմել, ավելին՝ մրցում էին, թե ով ում է կարող հաղթել ճարտասանությամբ, լեզվակռվով, նախադասությունների ձևակերպմամբ: Սակայն դա ավելի շատ սխոլաստիկ վեճ էր, ոչ թե բովանդակային։ Այս ամենը վերացավ, հիմա Սերժ Սարգսյանն իր ամբողջ թիմով մնացել է մերկ և արդեն այդ քողը չունի՝ հանձին այդպիսի քաղաքական ուժերի, որոնցով կարող էր ոչ միայն սեփական մերկությունը, այլ նաև սեփական սնանկությունը ծածկել։ Դրա համար, ճիշտ է, թեև դե յուրե չունենք ընտրության վիճակ, բայց դե ֆակտո ընտրության վիճակ է, քանի որ իշխանությունը չունի արդեն իր այդ սնանկությունը ծածկելու հնարավորություն։ Եվ այս պահին, որքան էլ զարմանալի է, իշխանությունը հակված է որոշակի բարեփոխիչ բովանդակության ձևակերպմամբ որոշակի ծրագրերի ճանապարհ տալ, որ իբր արդարացնի, սքողի իր սնանկությունը, և փորձում է ցույց տալ, որ ինքը, այնուամենայնիվ, ինչ-որ բան ցանկանում է անել։ Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է ստորագրի քաղաքական այդ համագործակցության փաստաթուղթը։
Որպես օրինակ բերեմ պրոբացիոն ծառայության վերաբերյալ կառավարության հավանությունը։ Այն ամենևին չի տեղավորվում այսօրվա իշխանության քաղաքականության տրամաբանության մեջ, որովհետև մի դեպքում ինքը սահմանադրության նորմերը կոպտագույն խախտելով՝ մարդուն առանց հիմքի կալանքի տակ է վերցնում, ի նկատի ունեմ Հիմնադիր Խորհրդարանի անդամներին, մյուս կողմից պրոբացիոն ծառայություն է ձևավորում, որի բուն էությունը մարդասիրական վերաբերմունքն է։ Այսինքն՝ պրոբացիոն ծառայության դեմ դուրս են գալիս գլխավոր դատախազն ու ԱԱԾ պետը, բայց դրանով հանդերձ կառավարությունը միաձայն կողմ է քվեարկում։ Սա նշանակում է, որ պետք է խոշոր ցնցում առաջ գար իշխող վերնախավում, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, գլխավոր դատախազն ու ԱԱԾ պետը դեմ են դուրս եկել կառավարությանը և պետք է հրաժարական տային, ասեին, որ սա ոչ հեռանկարային և ճիշտ որոշում չէ, բայց մենք նման բան չենք տեսնում։ Ընդհակառակը, պրոբացիոն ծառայությունն ընդամենը ինդիկատոր է, որով ես հիմնավորում եմ իմ այն խոսքը, որ իշխանությունն իր այդ սնանկությունը ընդդիմադիր ուժերի միջոցով թաքցնելու հնարավորությունից զրկված լինելով՝ ստիպված է լինում այնպիսի քայլեր կատարել, որը տրամաբանորեն իր բովանդակությանը դեմ է։
Բայց նման բան նա չի կարող անել արտաքին հարաբերությունների դաշտում։ Ի՞նչ է նշանակում ամսի 8-ին գնալ ԱՄՆ, և հետո ամսի 9-ին գնալ Մոսկվա՝ հաղթանակի շքերթի արարողությանը մասնակցելու։ Սերժ Սարգսյանն և իր քաղաքական ուժն անընդհատ փորձում են երկու աթոռի վրա միաժամանակ նստել։
Ռիգայի գագաթնաժողովից ի՞նչ ակնկալիքներ կան թե քաղաքական, թե տնտեսական փաստաթղթի ստորագրման առումով։
Ես չգիտեմ, թե Եվրամիությունը ինչքան կհամբերի, այսինքն՝ որքան է համբերության սահմանը, որպեսզի անընդատ տանի Սերժ Սարգսյանի անհետևողականությունը, անհստակությունը և վախկոտությունը։ Նրանք շատ պարզ ասում են՝ մենք բաց ենք և սպասում ենք Հայաստանի կողմից առաջարկների, բայց Հայաստանը՝ հանձինս Սերժ Սարգսյանի և իշխանությունների՝ արդեն այնքան է խաբել, որ պետք է այնպիսի քայլ կատարի, որ հերթական անգամ ներկայացվող առաջարկը ԵՄ-ին լուրջ ընդունվի, և վստահ լինեն, որ այդ առաջարկը հերթական խաբեությունը չէ։ Եվ մենք չենք տեսնում վստահության ձևավորման ուղղությամբ համարձակ և վստահ քայլ։ Ավելին՝ տեսնում ենք այս իրավիճակում այցելություն շքերթին, որը բոյկոտվել է շատ երկրների կողմից: Դրանով վստահության պաշարը չի ավելանում, և այդ փաստաթուղթը, որ կոչվում է ԵՄ-Հայաստան քաղաքական համաձայնություն Արևելյան գործընկերության շրջանակներում, մնում է որպես ձևական նշանակություն ունեցող քայլ, ոչ բովանդակային։
Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության բնագավառում շատ հստակ են շեշտադրումները, իրավիճակն առավել քան հստակ է, որը պահանջում է նաև հստակ վարքագիծ, հստակ դիրքորոշում և պահվածք, որը չի կարողանում ձևակերպել և ցույց տալ ՀՀ իշխանությունը՝ հանձինս Սերժ Սարգսյանի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերին առնչվող խնդիրներով ավելի շատ մտահոգված են քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները, քան հենց ՀՀ պաշտոնական իշխանությունները։ Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, որը երկար չի կարող ձգվել։ Այս պարագայում Ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ-ի կողմից կատարված քայլն արդեն աչքի է ընկնում, քանի որ իշխանությունը բան չունի առաջարկելու մարդկանց, նա միայն ունի բռնության տարբերակ, և ըստ նպատակահարմարության այդ բռնությունը կիրառելու տարբերակ, քանի որ չի տեսնում դիմացը այդ կոնցեպտուալ մոտեցմամբ այլ քաղաքական ուժի։
Ցավալի է, բայց հենց սա է փաստը։ Անձնվիրությունը, խիզախությունը, ճշմարտախոսությունը, բարոյախոսությունը շատ լավ հատկություններ են, բայց երկրի համակարգային խնդիրների լուծման համար դրանք բավարար չեն, շատ կարևոր է ռազմավարական մոտեցումը, համակարգային մոտեցումը։ Պետք է առաջարկվի ծրագիր, որը կբխի մեր սահմանադրական նորմերից և բովանդակությունից. այն է՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության դրույթներից բխող ծրագիր։ Ի՞նչ ենք անում, որ հասնենք այդպիսի պետություն ունենալուն, ես նման հստակ առաջարկներ չեմ տեսնում։
Աղբյուրը՝ www.lragir.am