Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը բերման ենթարկվեց՝ բնակարանում և գրասենյակում խուզարկությունից հետո
16:13, April 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք | Հիմնադիր Խորհրդարան2015 թ. ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, իրավապահ մարմինների մոտ 20 աշխատակից գնացել են հիմնադիր խորհրդարանի անդամ՝ Լոռու մարզային գրասենյակի ներկայացուցչի՝ Հովհաննես Ղազարյանի բնակարան և հայտնել, որ պետք է խուզարկություն իրականացվի վերջինիս բնակարանում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և կազմակերպության իրավաբան Անի Չատինյանը հանդիպել են Հ. Ղազարյանի կնոջ հետ, ով պատմել է առավոտյան իրենց բնակարանում կատարվածի մասին: Ըստ Հ. Ղազարյանի կնոջ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների մի մասը՝ 15-20 հոգի, տուն են մտել, մյուսները` մնացել են դրսում: Իրավապահ մարմինների աշխատակիցները Հ. Ղազարյանին հայտնել են, որ պետք է խուզարկություն իրականացնեն բնակարանում:
Մինչև խուզարկություն սկսելը Հովհաննեսը իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, որ թույլ չի տա իր բնակարանում խուզարկություն իրականացնել առանց իր փաստաբանի մասնակցության. զանգահարել է փաստաբանին, սակայն վերջինիս բջջային հեռախոսահամարը անհասանելի է եղել, (հաշվի առնենք առավոտյան ժամը 6:30-ը):
Իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են խուզարկություն իրականացնել առանց փաստաբանի մասնակցության՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ: Միաժամանակ հայտնել են, որ պետք չէ խոչընդոտել իրենց աշխատանքները՝ հորդորելով հարևաններին որպես ընթերակա հրավիրել: Մոտ 4 ժամ տևած խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների մոտ 15 աշխատակից զննել են Հ. Ղազարյանի 3 սենյականոց բնակարանն ու պատշգամբը՝ առգրավվելով 2 համակարգիչ, 2 հեռախոս և գրքեր, բուկլետներ՝ կապված հիմնադիր խորհրդարանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Բնակարանը տակնուվրա անելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները Հ. Ղազարյանին տարել են իրենց հետ հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակ՝ այնտեղ ևս խուզարկություն իրականացնելու: Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակում ևս խուզարկությունը սկսվել է առանց փաստաբանի մասնակցության հնարավորություն տալու:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հ. Ղազարյանի իրավունքների պաշտպանության նպատակով տեղում փաստաբան է ներգրավվել՝ Արթուր Սուքիասյանին: Այն պահին, երբ փաստաբան Ա. Սուքիասյանը ներս է մտել հիմնադիր խորհրդարանի գրասենյակ, Հ. Ղազարյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով նրան իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ մասնակցությունը անհրաժեշտ չէ և այդ փուլում չի կարող մասնակցել: Այնուհետև փորձ է արվել ցանկացած ձևով չթույլատրել Ա. Սուքիասյանին մասնակցելու խուզարկությանը՝ խախտելով Հ. Ղազարյանի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները նաև հայտնել են, որ ներս մտնելու անհրաժեշտություն չկա, քանի որ արդեն իսկ խուզարկությունն ավարտվել է՝ հրաման տալով փաստաբանին հեռացնել տարածքից: Ա. Սուքիասյանն էլ նշել է, որ եթե գրասենյակում արդեն ավարտվել է քննչական գործողությունը, ապա տարածքի տիրապետողը Հ. Ղազարյանն է և վերջինս պետք է փաստաբան Ա. Սուքիասյանի մնալու կամ դուրս գալու մասին որոշում կայացնի և հարց է ուղղել Հ. Ղազարյանին՝ ինքը մնա տարածքում, թե գնա: Միայն այն ժամանակ, երբ Հ. Ղազարյանը նշել է, որ ինքը ցանկանում է, որ Ա. Սուքիասյանը մնա, իրավապահ մարմինները թույլատրել են վերջինիս մնալ տարածքում:
Ա. Սուքիասյանի ներս մտնելու պահին իրավապահ մարմիններն արդեն առգրավված իրերը փաթեթավորելիս են եղել, ներսում ընթերականեր չեն եղել, ընթերականերին հրավիրել են ստորագրելու արձանագրությունը, որոնք եկել են կողքի սենյակից առանց ծանոթանալու արձանագրության բովանդակությանը և ստորագրել են այն:
Այն պահին, երբ խուզարկության արձանագրությունը Հ. Ղազարյանին են տվել ստորագրելու, փաստաբանը վերջինիս հայտնել է, որ ինքը իրավունք ունի դրանում նշել խուզարկության ընթացքի խախտումները և սկսել է թվարկել այն խախտումները, որոնք ինքը նկատել է, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները փաստաբանին հորդորել են չթելադրել:
Փաստաբանը բանավոր կարգով հայտարարել է, որ իրավապահ մարմինների կողմից Հ. Ղազարյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտվում է:
Իրավապահ մարմինները փաստաբան Ա. Սուքիասյանին հնարավորություն չեն տվել խուզարկության ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ խուզարկության արձանագրության մեջ հայտարարություն կատարելու: Փաստաբանը անգամ առաջարկել է առանձին փաստաթղթի վրա ներկայացնել հայտարարությունը, սակայն դրա հնարավորությունը ևս չի տրվել:
Խուզարկությունը ավարտելուց հետո վկայի կարգավիճակ ունեցող Հ. Ղազարյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում առգրավվել են անձնական օգտագործման իրերը, այդ թվում նաև գրասենյակի բանալիները: Հ. Ղազարյանի անձնական իրերը և բանալիները դրվել են տոպրակի մեջ, և այն առանց կնիքելու դրվել է իրավապահ մարմինների մեքենաներից մեկի մեջ՝ տեխնիկական խնդիրների պատճառով այդ պահին չի կնիքվել ու փակվել (ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների հայտարարության): Հ. Ղազարյանին իրավապահ մարմինների աշխատակիցները նստացրել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որտեղ եղել են նաև գրասենյակից առգրավված 2 կամ 3 տոպրակ բուկլետներ, գրքեր, համակարգիչ և 2 փայտ և հայտարարել են, որ Հ. Ղազարյանը՝ որպես բերման ենթարկված վկա, տարվում է Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: