Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալությունների մասին
17:12, April 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր ԽորհրդարանԱպրիլի 7, 2015
Հայտարարություն
2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան ժամը 06:30-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ քննչական կոմիտեն սկսել են իրականացնել խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարան քաղաքացիական շարժման անդամների և համակարգողների բնակարաններում ու գրասենյակներում, ապա ձերբակալել են նրանց՝ առգրավելով հաղորդակցության միջոցներ, համակարգիչներ և փաստաթղթեր:
Խուզարկությունների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես` փաստաբան ունենալու իրավունքը: Գրեթե բոլոր դեպքերում խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ և անհարկի ցուցադրմամբ: Մասնավորաբար՝ Հիմնադիր Խորհրդարանի անդամների բնակարանների խուզարկումներին մասնակցել են ոստիկանության 15-20-ական աշխատակից: Գյումրիում ՄԻ պաշտպանի ներկայացուցչին և համակարգողի փաստաբանին հնարավորություն չեն տվել ծանոթանալու խուզարկության հիմքերին:
Ապրիլի 7-ի ժամը 13-ի դրությամբ՝ ձերբակալվել են կամ հարկադիր անազատության մեջ են եղել Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր Թորոս Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արամ Հակոբյանը, Հովհաննես Ղազարյանը:
Դրանից հետո ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, իբր, կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Այս հայտարարությունը որևէ հավատ չի ներշնչում, որովհետև՝ առանց հետաքննության հանցանք է վերագրվում հասարակական գործիչներին և ակնհայտորեն խախտում է անմեղության կանխավարկածը:
ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումները գնահատում ենք որպես դիտավորյալ և պլանավորված ապօրինություններ` ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որով փորձում են հերթական անգամ ճնշել և սահմանափակել ազատ արտահայտման, միավորումներ կազմելու և խաղաղ հավաքներ անկացնելու սահմանադրական իրավունքը:
Մենք ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները համարում ենք ահաբեկչություն արտահայտման ազատության դեմ: Այս զանգվածային խուզարկությունները և ձերբակալությունները հակասահմանադրական են և, ըստ էության՝ քաղաքական հետապնդումներ: Այս ապօրինությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրի ՀՀ պետական իշխանությունը:
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Սեյրան Մարտիրոսյան, «Խորան Արդ» ՀԿ