Պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ՝ դատապարտյալի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
18:28, June 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2016 թ. ապրիլի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վիրաբ Պողոսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի հիշյալ որոշման դեմ վերջինիս կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վ. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը:
2016 թ. հունիսի 6-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ L. Թադևոսյանի, կայացած բողոքի քննությանը մասնակցում էին Վ. Պողոսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Սարո Հարությունյանը, ինչպես նաև դատախազ Արզումանյանը: Դատապարտյալ Վ. Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել բողոքի քննությունն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ: Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, և Դատարանի որոշմամբ դատական նիստը շարունակվեց Վ. Պողոսյանի բացակայությամբ:
Դատարանին և կողմերին ներկայացվող բացարկի միջնորդությունների բացակայության հարցի պարզումից հետո Դատարանը հրապարակեց բողոքարկվող դատական ակտի բովանդակությունը և վերաքննիչ բողոքի էությունը:
Ա. Չատինյանը ներկայացրեց բողոքի հիմնավորումները՝ նշելով, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդության քննարկման ժամանակ Վ. Պողոսյանն արդեն իսկ կրել էր իր նկատմամբ նշանակված պատժի 4 տարի, 1 ամիս, 7 օրը և պատժի ժամկետի ավարտին մնում էր 1 տարի, 4 ամիս, 23 օր ժամանակ: Դատարանը միջնորդության քննության ընթացքում, բացի դատապարտյալի ուղղված լինելու հանգամանքից, պետք է հաշվի առներ նաև վերջինիս դրական բնութագիրը, քրեակատարողական հիմնարկում աշխատելու հանգամանքը և վերջինիս տրված խրախուսանքը: Դատարանը, սակայն, առանց բավարար հիմնավորումներ նշելու, գտել է որ դատապարտյալի վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման: Մինչդեռ, Վ. Պողոսյանը 2014 թ. փետրվարի 5-ից պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, իսկ 2014 թ. փետրվարի 19-ից մինչև օրս աշխատանքային պայմանագրով աշխատում է «Աջակցություն դատապարտյալին հիմնադրամում»: Վ. Պողոսյանը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կողմից բազմիցս բնութագրվել է դրական, խրախուսվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կողմից բարեխղճորեն աշխատելու համար:
Բացի դրանից՝ Ա. Չատինյանը հայտնեց նաև, որ Վ. Պողոսյանն ունի մի շարք հիվանդություններ, խնամքին ունի հաշմանդամություն ունեցող երեխա, բնակարանով ապահովված է: Ա. Չատինյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև դատապարտյալին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու քրեաիրավական ինստիտուտի կարևորության և դատական ակտի չպատճառաբանված լինելու վերաբերյալ՝ խնդրելով բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. ապրիլի 13-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բավարարելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը:
Վ. Պողոսյանի հիվանդությունների և երեխայի խնամակալության վերաբերյալ Դատարանի հարցին ի պատասխան՝ վերջինիս ներկայացուցիչ Ա. Չատինյանը նշեց, որ Վ. Պողոսյանն ունի քրոնիկ մաշկային հիվանդություն, ոտքերի հոդերի հետ կապված խնդիրներ, իսկ նրա անչափահաս երեխայի խնամքը հանձնված է տարիքային կենսաթոշակառու տատիկին:
Վերաքննիչ բողոքի դեմ առարկեց դատախազ Արզումանյանը, նշեց, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական և պատճառաբանված որոշում՝ հիմնավոր համարելով դատարանի այն հետևությունը, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի դատապարտյանի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ընթացքը, պետք է ուշադրություն դարձվի դատապարտյալի անձը բնութագրող տվյալներին, և խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ս. Հարությունյանը նշեց, որ Վ. Պողոսյանը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ստացել է խրախուսանք, աշխատում է, բնութագրվում է դրական և գտավ, որ այդ հիմքերով վերաքննիչ բողոքը հիմնավոր է: Վերջինս Դատարանի պահանջով ներկայացրեց Վ. Պողոսյանի անձնական գործը:
Նախագահող դատավոր Լ. Թադևոսյանն անհրաժեշտ համարեց ծանոթանալ Վ. Պողոսյանի անձնական գործին և այդ հիմքով հետաձգեց դատական նիստը:
Բողոքի քննությունը կշարունակվի 2016 թ. հունիսի 17-ին՝ ժամը 16:00-ին: