Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասնյոթերորդ դատական նիստի մասին
18:33, May 9, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի մայիսի 6-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնյոթերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստին հրապարակվեցին ռուսական կողմի իրականացրած քննչական փորձարարության արդյունքները: Ռազմաբազայում Ավետիսյանների բնակարանի նմանողությամբ կառուցված մակետի միջոցով Վ. Պերմյակովը ցույց է տվել, թե ինչպես է մուտք գործել բնակարան և կատարել սպանությունները: Փորձարարության արդյունքները հայկական կողմին տրամադրվել են միայն արձանագրության տեսքով, որում ներառված լուսանկարները բավական անորակ են: Ինչ վերաբերում է քննչական փորձարարության տեսանկարահանմանը, ապա տեսանյութը հայկական կողմին չի տրամադրվել:
Հրապարակվեցին չորս ռուս զինծառայողներին որպես վկա դատարան հրավիրելու հարցման պատասխանները, համաձայն որոնց՝ վկաները հրաժարվել են հայկական դատարան ներկայանալուց՝ նշելով, որ պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները:
Ի պատասխան վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ՝ Դատարանի հարցին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը նշեց, որ դատարանը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար:
Քանի որ Դատարանը օտարերկյա քաղաքացուն բերման ենթարկելու լիազորություն չունի, հրապարակվեցին վկաների նախաքննական ցուցմունքները: Դրանց թվում էր նաև Վ. Պերմյակովի ծառայակից Իվան Ժելտովի նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ ամբաստանյալը բնութագրվում է որպես հաղորդակցվող, շեղումներ չունեցող անձ:
Դիմումներ կուղարկվեն նաև մյուս երեք զինծառայողներին որպես վկա դատարան հրավիրելու համար. նրանց թվում են Վ. Պերմյակովի անմիջական հրամանատար Ա. Նիկիշինը և Վ. Պերմյակովին Չիտայից Հայաստան զորակոչած պաշտոնյան:
Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, մերժվեց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ոստիկանության կողմից մերժվել էր տրամադրել տուժողի իրավահաջորդ Ա. Զալյանի կողմից դեռևս 2016 թ. մարտի 5-ին ՀՀ Ոստիկանությանն ուղղված գրությամբ պահանջված տեղեկատվությունը՝ Ոստիկանության այն ծառայողների անուն-ազգանունների վերաբերյալ, որոնք մասնակցել են Վ. Պերմյակովի ձերբակալման և ՌԴ Սահմանապահ զորքեր տեղափոխելու գործընթացին՝ Ա. Զալյանը գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Ոստիկանության վերոնշյալ աշխատակիցների անուն-ազգանունները պարզելու և վերջիններիս դատարան հրավիրելու վերաբերյալ:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին: