«Անհիմն մեղադրանքներ». իրավապաշտպանները Հիմնադիր խորհրդարանի անդամների դեմ գործը «սարքած» է համարում
16:56, April 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր ԽորհրդարանՀայաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդների ձերբակալություններն ու նրանց դեմ առաջադրված մեղադրանքները մի շարք ընդդիմադիրներ ու իրավապաշտպաններ համարում են շինծու և ապօրինի, ընդամենը նրանց լռեցնելու փորձ:
Հայաստանի քննչական կոմիտեն հինգշաբթի հայտարարել է, որ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը, Երևանում հակաիշխանական բողոքի ակցիա անցկացնելու մտադրություն ունեցող Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» նախապատրաստության փաստի առնչությամբ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընդունվել կալանավորումը:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այն, ինչ իրականացվում է Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների նկատմամբ, ակնհայտ ապօրինություն է և որևիցե իրավական հիմնավորում չունի:
«Այն գործիքները, իրերը, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ իբր զանգվածային անկարգությունների հրահրման համար, կարող են հայտնաբերվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տանը՝ սկսած դանակներից, փայտերից, տարբեր կենցաղային իրերից, և եթե նման տրամաբանությամբ ենք շարժվում, ուրեմն պետք է տոտալ վերահսկողություն սահմանեն, թե յուրաքանչյուրիս տանը քանի դանակ պետք է ունենանք, և այդ դանակի օգտագործման վերաբերյալ ամեն օր հաշվետվություն տանք»,- ասում է Սաքունցը:
Իրավապաշտպանի համար անհասկանալի է ոստիկանության գործողությունները, քանի որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանն արտոնել էր ապրիլի 24-ին` երեկոյան 18.00-ին, Երևանի ծայրամասում գտնվող Էրեբունի թանգարանի մոտ կայանալիք ՀԽ հանրահավաքը:
«Քաղաքապետարանն արտոնել էր, և եթե զանգվածային անկարգությունների հետ կապված կային օպերատիվ տվյալներ, ապա դա կարող էր հիմք լիներ իրազեկումը չընդունելու համար: Բայց քանի որ քաղաքապետարանն արդեն ի գիտություն էր ընդունել, և առաջարկել էին տարածք, կնշանակի` հավաքի հետ կապված որևէ մտահոգություն չեն ունեցել,- ասում է Սաքունցը՝ հավելելով, որ քննչական կոմիտեի որոշումը եղել է պահի տակ ու հրահանգված: – Կեղծ ու շինծու մեղադրանքներ են առաջադրում, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, այդ թվում նաև` ապօրինի միջոցներով անում են ամեն բան մարդկանց փակի տակ պահելու համար»:
Իրավապաշտպանի կարծիքով` ՀԽ անդամների ձերբակալությունները դեռ կշարունակվեն, քանի որ առաջնորդների ձերբակալություններից հետո էլ շարունակվում են ակտիվ գործողությունները:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը ևս կարծում է, որ սա ամբողջությամբ սարքված գործ է, և այն, ինչ գտել են, այն լուրջ զինամթերք չէր, ինչի համար տղաներին պետք է պահեին:
«Սա Հայաստանի համար հերթական խայտառակ գործընթացն է: Սակայն ես ավելի շատ նեղվում եմ հասարակության արձագանքից: Բոլոր դժվարություններն էլ մարդու համար են, բայց ցավալի է, որ հասարակությունը որևէ կերպ չարձագանքեց, շատերը կարող են չկիսել նրա քայլերը, ես ինքս էլ չեմ կիսում, սակայն սա փաստում է, որ ռեժիմը կարողանում է իր ուզած պահին իր ուզած մարդկանց հեռացնել: Սա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածի շարունակությունն էր, այն ժամանակ էլ հասարակությունը չարձագանքեց»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սանասարյանը:
Վաշինգտոնում գործող «Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպությունը, աջակցություն հայտնելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, նույնպես դատապարտել է տեղի ունեցածն ու նշել, որ Հայաստանի ուժային կառույցների նման քայլերը, այն է` առանց բավարար նյութական ապացույցի ընդդիմադիր առաջնորդների թիրախավորումը, վախի մթնոլորտ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների շրջանում և խստորեն սահմանափակում է քաղաքական ազատությունները:
Մինչդեռ ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Սեֆիլյանը և ընկերներն այնքան ուղղակիորեն էին հայտարարում հանրության համար անընդունելի գործողությունների մասին, որ իրավասու մարմիններին այլ ելք չէր մնում, քան գործել։
Աղբյուրը՝ www.armenianow.com