<<Հիմնադիր խորհրդարանի>> անդամ Հովհաննես Ղազարյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
17:49, October 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հիմնադիր Խորհրդարան2015թ. ապրիլի 7-ին <<Հիմնադիր խորհրդարանի>> անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց փաստական և իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, տեղեկանալով վերոնշյալ խուզարկությունների մասին, Հ. Ղազարյանի շահերի պաշտպանության նպատակով ներգրավել է փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Արթուր Սուքիասյանին, ովքեր մասնակցել են քննչական բոլոր գործողություններին և զբաղվել նրա շահերի հետագա պաշտպանությամբ:
Նույն օրը նման խուզարկություններ են կատարվել <<Հիմնադիր խորհրդարանի>> մյուս անդամների նկատմամբ ևս, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերոնշյալ անձանց, այդ թվում՝ Հ. Ղազարյանի նկատմամբ, իրականացվել է քաղաքական հետապնդում:
Սույն գործով ՀԿԳ Քննչական վարչությանն ուղղված դիմումով պահանջվել է տրամադրել 2015թ. ապրիլի 7-ի դրությամբ Հ. Ղազարյանի մասնակցությամբ իրականացված բոլոր քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունների պատճենները, ինչպես նաև` նրան պատկանող և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումների պատճենները, միաժամանակ պահանջվել է՝ վերադարձնել անձնական խուզարկությամբ նրանից առգրավված իրերը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ Քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Ա. Մակինյանը պատասխան գրությամբ հայտնել է, որ առգրավված իրերը վերադարձնելու խնդրանքը հետաձգվել է՝ մինչև այդ կապակցությամբ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Դիմումում առկա մյուս պահանջների առնչությամբ նշվել է, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող քրեական դատավարության մասնակիցը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նման իրավունք չունի:
Նույն թվականի մայիսի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված դիմում-բողոքով խնդրվել է՝ ցուցում տալ քննիչներին՝ վերացնելու Հ. Ղազարյանի իրավունքների խախտումը, որին ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ. Պողոսյանը մերժել է դիմում-բողոքի բավարարումը՝ առանց որոշում կայացնելու:
Սույն գործով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ուղղված բողոքը բավարարվել է մասնակիորեն, մասնավորապես` Դատարանի որոշմամբ` Հ. Ղազարյանին հնարավորություն է ընձեռնվել՝ օգտվելու կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներից, այն է՝ ծանոթանալ իր մասնակցությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին և պատճենահանել դրանք, ինչպես նաև ցուցում է տրվել՝ 2015թ.-ի մայիսի 13-ի դիմում-բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանի կողմից մերժվել են 2015թ. ապրիլի 4-ին Հ. Ղազարյանի բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկության ընթացքում թույլ տրված իրավունքների խախտումների փաստացի ճանաչման և առգրավված իրերի վերադարձման պահանջները, որոնց մասով ներկայացվել է վերաքննիչ բողոք: