Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ապօրինությունների գործով քրեական գործ է հարուցվել
15:19, December 10, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավունքների չարաշահման արգելում | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ«Հրազդան» ՔԿՀ-ի պետի տեղակալի կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գ. Վ. Բեգոյանը կայացրել է որոշում, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և սկսվել է նախաքննություն:
Հիշեցնենք, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի տեղակալի անմիջական հովանավորությամբ և ղեկավարությամբ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Ա. Շամիրյանի միջոցով իրականացվել էր տարբեր մոդելի և տարբեր արժողությամբ բջջային հեռախոսների վաճառք, որից ստացված շահույթը պետք է հավասարապես կիսվեր Ա. Շամիրյանի և ՔԿՀ-ի պետի տեղակալ Ս. Բաբայանի միջև: Պետի տեղակալի հրամանով խցերում խուզարկությունները կատարվելու էին այնպես, որ գնված հեռախոսները առգրավվեին և այդպիսով ՔԿՀ-ում ապահովվեր բջջային հեռախոսների մշտական պահանջարկը:
Ա. Շամիրյանի և Ս. Բաբայանի միջև համագործակցությունը, սակայն, շուտով դադարել է՝ Ա. Շամիրյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, Ս. Բաբայանի հետ կապն ընդատվել է, իսկ Ա. Շամիրյանի ու նրա հարազատների ուսերին է մնացել մոտ 5 մլն դրամի պարտք՝ հեռախոսների վաճառքի կետերում:
Այս ապօրինությունների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին:
Այս գործի մանրամասները կարող եք գտնել նախորդ հոդվածում, իսկ ՀՀ ՀՔԾ կայացրած որոշումը այստեղ: