Լեռնային Ղարաբաղում առաջին շարքերում կռվում են աղքատները
16:16, May 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հակամարտություններից տուժածների իրավունքներ | Զինված ուժերՀայաստանում նրանց կոչում են հերոսներ, Ադրբեջանում` նահատակներ: Նրանցից մեկն ապրել է հողե հատակով և առանց տանիքի քարե տանը, մյուսը՝ հողե հատակով և բրեզենտածածկ տանիքով խրճիթում:
Մինչ ընդդիմադիր ուժերն առերևույթ անհաշտ դիրքորոշումներ են արտահայտում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրիլի 2-6-ը ծավալված հակամարտության մարտական գործողություններում զոհված զինվորների մեծ մասն ունեցել է մեկ ընդհանրություն. նրանք սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ էին:
Այդ փաստը վրդովեցնում է հայ և ադրբեջանցի սովորական քաղաքացիներին, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ հիասթափված են իրենց երկրների բանակներում ենթադրաբար տիրող կոռուպցիայից: Երկու երկրներում էլ զինվորական ծառայությունը պարտադիր է տասնութ տարին լրացած տղամարդկանց համար: Հայերը հիմնականում ծառայում են երկու տարի, իսկ ադրբեջանցիները՝ տասնութ ամիս:
Թե համացանցում և թե համացանցից դուրս երկու երկրներում էլ հնչում է նույն հիմնական բողոքը. կռվի ողջ ծանրությունը կրում են ազդեցիկ կապեր կամ կաշառք տալու հնարավորություն չունեցող զինվորները: Մարդիկ կարծում են, որ մեծահարուստների կամ պետական պաշտոնյաների զավակները ծառայության չեն նշանակվում վտանգավոր դիրքերում:
Այս կարծիքը հիմնավորվում է միայն առանձին փաստերով: Հաշվի առնելով անվտանգության նկատառումներից գաղտնիության պահպանման բնական անհրաժեշտությունը՝ առանձին անհատների և զորամասերի տեղակայման մասին տեղեկությունները հասանելի չեն հանրությանը: Հայաստանում հրապարակվում են զոհվածների ցուցակները՝ նրանց տարիքի, անունների և ծննդավայրերի նշումով, մինչդեռ Ադրբեջանում նման տեղեկություններ չեն հրապարակվում:
Այնուամենայնիվ, հասարակության լայն շրջանակները կասկածներ ունեն զինվորների ծառայության նշանակման հարցում խտրականության առկայության վերաբերյալ, իսկ որոշ վերլուծաբաններ և ակտիվիստներ համոզված են դրանում:
«Հայ և ղարաբաղցի զոհված իննսունյոթ զինծառայողների ցուցակները չեն պարունակում բարձրաստիճան պաշտոնյաների կամ մեծահարուստ գործարարների որդիների անուններ», – նշել են զինվորական ոլորտում չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվող հայ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և զինվորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ժողովրդագրական տեղեկություններ տրամադրել ժամկետային զինծառայողների բանակի վերաբերյալ», – հավելել է Սաքունցը:
«Գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով՝ գոյություն չունի որևէ մեխանիզմ, որը թույլ կտար ստուգել կամ պարզել, թե պետական պաշտոնյաների քանի զավակ է ծառայում բանակում, ով որտեղ է ծառայում և այլն», – ասաց Խաչատրյանը: – «Սակայն զոհերի ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյայի զավակ նրանց մեջ չկա: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ոչ մի պաշտոնյայի զավակ առաջնագծում չի ծառայում»:
Մարտական գործողություններում զոհված 31 ադրբեջանցի զինվորների պաշտոնական ցանկում (անկախ փորձագետների գնահատականներով՝ այս թիվը մոտավորապես մինչև երեք անգամ ավելի մեծ է) նույնպես, թերևս, չկան արտոնյալ խավի ներկայացուցիչների որդիների անուններ:
«Նկարները և զինվորների ընտանիքների անդամների հետ հարցազրույցները հստակ պատկերացում են տալիս նրանց սոցիալական վիճակի մասին», – ասել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գործող «Ռազմական ուսումնասիրությունների Կասպից ինստիտուտ» շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոնի նախագահ Սեզուր Սումերենլին: – «Մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով, և արդյունքները ցույց են տալիս, որ գրեթե բոլորը [զոհվածները] աղքատ և հասարակ ընտանիքներից են: Մենք [զոհվածների] ցուցակում չգտանք որևէ նախարարի [կամ] պաշտոնյայի զավակի կամ ազգականի անուն»:
Այդ տարբերակումը հստակ նշվում է ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ցուցակում նշված ծննդավայր գյուղերի անուններով:
Ողջ անցած ամսվա ընթացքում Ադրբեջանի շփման գծում գտնվող Աղցեբեդի շրջանի Լաչինի գյուղում՝ ականանետի արձակած կրակոցից սպանված քսանամյա զինվոր Ուլվին Մամեդովի տան մուտքի ճանապարհին, ծածանվել են կապույտ, կարմիր և կանաչ գույներով ազգային դրոշները:
Խրճիթն էլեկտրաֆիկացված է, սակայն ապահովված չէ խմելու ջրով: Այս մեկուսացված բնակավայրի աղի հողի պատճառով անհնարին է զբաղվել հողագործությամբ: Եկամուտի միակ աղբյուրն անասնապահությունն է: Այստեղ գործազրկության մակարդակը բարձր է:
Թերևս դա է պատճառը, որ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ամենաթեժ փուլում տեղահանված ընտանիքում մեծացած Մամադովն իր տասնութամսյա զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո նախընտրել էր շարունակել ծառայությունը: «Նրան մեծացնելիս ծնողները [ֆինանսական] դժվարություններ են ունեցել», – ասել է Մամադովի տատը՝ Գոյուշ Էլվենդովան: – «Ակնհայտ է, թե ինչ կենսապայմաններում ենք մենք ապրում»:
Ինչպես ծառայողական պարտավորությունները կատարելիս զոհված բոլոր զինվորների պարագայում, Ադրբեջանի կառավարությունն իր վրա է վերցրել Մամադովի հուղարկավորման ծախսերը: Նրա ընտանիքը կստանա ստանդարտ ամսական թոշակ 185 մանաթի (121 ԱՄՆ դոլար) չափով: «Ազգային հերոսների» ընտանիքի անդամները ստանում են 200 մանաթ (133 ԱՄՆ դոլար):
Մոտ 400 կիլոմետր դեպի արևելք՝ Հայաստանի արևմտյան մասում գտնվող Արագածոտնի մարզում ծայրահեղ աղքատության մեջ ապրող հայ ընտանիքը նույնպես սգում է իր զավակի կորուստը:
Սլոյանները ստիպված են եղել իրենց զավակին հուղարկավորել երկու անգամ, առաջին անգամ՝ նրա մարմինը, իսկ հետո՝ հինգ օր անց՝ նրա կտրած գլուխը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ զորացրումից երկու ամիս առաջ տասնիննամյա շարքային Քյարամ Սլոյանը զոհվել է՝ Մարտակերտի ղարաբաղյան շրջանի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ մնալով վիրավոր ընկերոջ կողքին: Նրան սպանել են և ենթադրաբար գլխատել, թեև մանրամասները դեռևս հայտնի չեն: Ադրբեջանը պատասխանատվություն չի ստանձնել նրա գլխատման համար:
Հայաստանի կառավարությունը վճարել է 700.000 դրամ (մոտ 1,463 ԱՄՆ դոլար) նրա հուղարկավորության և ևս 1,4 միլիոն դրամ (մոտ 2,925 ԱՄՆ դոլար) տապանաքարի համար: Զոհվածների ընտանիքները ստանում են մեկանգամյա վճար առնվազն 3,7 միլիոն դրամի (7,731 ԱՄՆ դոլարի) չափով:
Նման օգնությունը, այդ թվում` Հայաստանի անհատ քաղաքացիներից ստացված լրացուցիչ օգնությունը ողջունելի էր: Սլոյանների ընտանիքի ութ անդամներից ոչ ոք չունի մշտական աշխատանք: Հայրը՝ Քյալաշը և եղբայրը՝ Համիկը, ժամանակավոր աշխատանք էին գտնում Ռուսաստանում, սակայն այժմ՝ Ռուսաստանի տնտեսության անկման պայմաններում, արտագնա աշխատանքի հնարավորություն այլևս չկա: Այժմ նրանք փորձում են իրենց ապրուստը վաստակել գյուղի շուրջ գտնվող հողերը մշակելով:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, նրանք, ովքեր ի վիճակի են իրենց որդիներին ազատել առաջնագծում ծառայությունից, հնարավորինս ամեն ինչ անում են դրա համար:
Թարթառ առաջնագծային շրջանի ադրբեջանական հատվածում մի տարեց կին «EurasiaNet.org»-ին հայտնել է, որ նրա ընտանիքը միջնորդին վճարել է ավելի քան 2000 մանաթ (1327 ԱՄՆ դոլար)՝ ապահովելու, որ իր թոռանը ծառայության նշանակեն «լավ» հենակետում՝ առաջնագծից հեռու: Նա անունով չնշեց այդ միջնորդին:
«Մենք վարկ ենք վերցրել բանկից, և այժմ ես ամեն ամիս իմ թոշակից վճարում եմ 70 մանաթ (46,43 ԱՄՆ դոլար) [տոկոս]», – ասաց կինը, ով ցանկացել է անհայտ մնալ:
«Գանգատների պատճառները վերացնելու և կոռուպցիան կանխելու» ձգտումով պետական զորակոչային ծառայությունը պնդում է, որ այն համացանցով կամ հաղորդագրության միջոցով «թափանցիկ» տեղեկատվություն է տրամադրում զինվորներին իրենց նշանակման վայրերի մասին: Մեզ չհաջողվեց կապ հաստատել պաշտոնյաների հետ՝ լրացուցիչ մեկնաբանություններ ստանալու համար:
Հայաստանում նույնպես կաշառակերությունը համարվում է տարածված: Նախկինում զորակոչիկների ազգականները փորձում էին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել նախքան ծառայության վայրի որոշման նպատակով վիճակահանության մեջ իրենց զավակների անունների ընդգրկումը: Ոմանք պարզապես մեկնել են երկրից:
Կառավարությունը պնդում է, որ վիճակահանությունը, որի ընթացքին կարող են մասնակցել զորակոչիկների ընտանիքի անդամները, երաշխավորում է ծառայության վայրի թափանցիկ և արդար նշանակում: Ապրիլի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքեց, որ միայն անապահով ընտանիքներից զինվորներին են ուղարկում առաջնագիծ:
«Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը», – ասել է նա տեղական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում. Օհանյանը պնդում է, որ իր որդին, ում անունը նա չնշեց, սպա է, ով «շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների» որդիների նման ծառայում է առաջնագծում:
«Պետական շատ պաշտոնյաների որդիները ծառայում են բանակում», – հավաստիացրեց նա: – «Ես չեմ պատրաստվում հիմա մեկ առ մեկ նշել նրանց անունները»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նույնպես հայտնել է, որ իր երկու որդիները «միշտ եղել են առաջնագծում»:
Այդուհանդերձ, նախկին ռազմական թղթակիցը վիճարկում է նման հայտարարությունները: Բարձրաստիճան պաշտոնյաների որդիները կարող են գրանցված լինել որպես առաջնագծում ծառայող զինվորներ, սակայն նրանք «իրականում չեն ծառայում» կամ ծառայելու դեպքում «իրենց հենակետում օգտվում են արտոնյալ կարգավիճակից», – ենթադրություն հայտնեց Ժաննա Ալեքսանյանը, ով այժմ ղեկավարում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը:
Ադրբեջանում, որտեղ 2013 թվականին բողոքի ցույցեր բռնկվեցին ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան առնչությամբ, շատերը գանգատվում են զինվորների երկդաս համակարգի դեմ, սակայն շատ քչերն են խոսում այդ մասին բացեիբաց: «Ամենավատն այն է, որ շատ ընտանիքներ լռում են», – ասել է Բեյալի Ազիզովը, ով հավատացած է, որ իր որդին՝ Էլխանը, մահացել է 2010 թվականին կանոնակարգային հարաբերությունների խախտման արդյունքում: «Որոշ մարդիկ այնքան աղքատ են, որ հաշտվել են իրենց ճակատագրի հետ: Ահա դա է պատճառը, որ մենք չենք կարողանում լուծել բանակում առկա խնդիրները»: Հրապարակային քննադատության նկատմամբ պետության հանդուրժողականության ցածր մակարդակը չի նպաստում խնդրի լուծմանը: Ազիզովը, ով ձերբակալվել է 2013 թվականի բողոքի ցույցի ժամանակ, փորձել է հիմնել զինվորների ծնողների հասարակական կազմակերպություն՝ բարեփոխումների իրականացման նպատակով, սակայն կառավարությունը մերժել է դրա գրանցումը: Այժմ նա քարոզչական արշավներ է իրականացնում սոցիալական ցանցերի միջոցով:
«Եթե գործող համակարգը չփոխվի, այս խնդիրները, հատկապես՝ սոցիալական անարդարությունը, երբեք լուծում չեն ստանա», – ասել է նա:
Ռազմական փորձագետ Սումերենլին կարծում է, որ բարեփոխումների էական բաղադրիչները պետք է լինեն «թափանցիկությունը և հաշվետվողականությունը», որպեսզի զորակոչիկների ծառայության վայրի նշանակումը «կատարվի հանրության, մի խումբ ՀԿ-ների կամ լրատվամիջոցների ներկայությամբ: Յուրաքանչյուրը պետք է տեսնի, թե ով ուր է գնում և ինչպես»:
Նա կոչ է անում վերացնել զորակոչը և հարևան Վրաստանի օրինակով ստեղծել պայմանագրային բանակ ինչպես «ժողովրդավարական և ՆԱՏՕ-ի երկրներում»: Այդ դեպքում զինվորական ծառայությունը «կնմանվի աշխատանքի թե՛ զինվորների և թե՛ սպաների համար», – ասել է նա:
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում զինվորական ծառայությունում վաղուց արդեն ներգրավել են կարիքավորները, սակայն այդտեղ նույնպես ներկայացվում են հովանավորյալների առկայության մասին բողոքներ:
Սակայն ներկայիս դրությամբ անհավանական է թվում, որ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ էլ Հայաստանը կվերացնեն զորակոչը՝ առաջնագծում ծառայության վայրերի նշանակման հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով: «Առաջնագծում մարտնչում են միայն աղքատների որդիները», – ասել է վաթսունվեցամյա ադրբեջանցի ներքին տեղահանված անձ Ալիգուլու Հումբեթովը, ով չորս ազգական է կորցրել 1988-1994թթ. պատերազմական գործողություններում: – «Միշտ էլ այսպես է եղել, և միշտ էլ այսպես կմնա»: