Քննիչ. Արմեն Շամիրյանը չի պահպանել բողոքը ներկայացնելու արտադատարանական կարգը
18:38, May 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր դատավոր Մխիթարյանի նախագահությամբ Արմեն Շամիրյանի բողոքի քննությունը:
Դատական նիստի ընթացքում քննիչ Գարեգին Բագոյանը հայտարարեց, որ չի ցանկանում անդրադառնալ գործի հանգամանքներին ոչ այն պատճառով, որ Արմեն Շամիրյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը եւ հիմնավոր են, այլ ընդհակառակը: Նա հորդորեց Արմեն Շամիրյանին իր մեջ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ Արմեն Շամիրյանը եւ իր ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը բողոքարկել են Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշման դեմ:
Քննիչը դատարանին ներկայացրեց ծրարը, ինչը վկայում է այն մասին, որ Արմեն Շամիրյանը չի պահպանել բողոքը ներկայացնելու արտադատարանական կարգը, ժամկետները բաց են թողնվել: Նա նաեւ նշեց, որ բողոքաբերը եւ նրա ներկայացուցիչը նշում են, որ իրենք բողոքը ստացել են դեկտեմբերի 30-ին, դա չի համապատասխանում իրականությանը: Գարեգին Բագոյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին ինքը դատարանին ներկայացրել է ստացականի պատճեն, որը հավաստում է այն մասին, որ Արմեն Շամիրյանը խեղաթյուրում է հանգամանքները, եւ բողոքը ստացել է դեկտեմբերի 29-ին: Նա խնդրեց բողոքը չքննարկել, մերժել արտադատարանական կարգը չպահպանելու հիմնավորմամբ:
Դատարանն անհրաժեշտ համարեց գլխավոր դատախազությունից պարզել, թե բողոքարկման հնարավոր բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ինչպիսի ակտ է կայացվել: Գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 3-ին: