Հայցվոր ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել
16:12, July 12, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. հուլիսի 11-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Հակոբյանի, կայացավ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հայցի քննությունը՝ ընդդեմ Անուշ Պողոսյանի, որով պահանջվել է Ա. Պողոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու հիմքով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին պատասխանող Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և սեփական դիմումի հիման վրա գործով որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանը: Հայցվոր կողմը դատական նիստին ներկայացված չէր:
Դատարանը, հաշվի առնելով, որ նախնական դատական նիստի ընթացքում պարզվում են հայցի առարկան ու հիմքերը, անհրաժեշտ համարեց հայցվոր կողմի մասնակցությունը: Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը չառարկեց դրա դեմ, միաժամանակ, Դատարանի կողմից հնարավորություն ստանալով, ներկայացրեց միջնորդություն՝ որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանին ոչ պատշաճ երրորդ անձ ճանաչելու և դատավարության մասնակիցների ցանկից հանելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ ներկայացված հայցապահանջը որևէ առնչություն չունի Ա. Մկրտչյանի շահերին: Վերջինս առարկեց միջնորդության դեմ՝ այն համարելով անհիմն:
Միջնորդության վերաբերյալ հայցվորի դիրքորոշումը ևս պարզելու նպատակով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2016 թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին: