Արմինե Առաքելյանին բռնության ենթարկողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականցվի
10:10, January 13, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱրմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա մայիսին Երևանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ:
Քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են:
Ընդ որում՝ Արմինե Առաքելյանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելու, նրան կապելու՝ բուժաշխատողների գործողությունները քննչական մարմինը գնահատում է օրինաչափ՝ «հաշվի առնելով Ա. Առաքելյանի ագրեսիվ վարքագիծը»:
Հավելենք, որ Ա. Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս դիմել է քննչական մարմնին՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը՝ գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու հարցով:
Սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը, իսկ Քննչական կոմիտեի կողմից գործը քննելը տվյալ դեպքում համարում ենք անօրինական:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ տեղեկացնում են նաև, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու նպատակով:
Տես նաև՝ Քննչական մարմինը համառորեն իրավական գնահատական չի տալիս ոստիկանական բռնության փաստին