Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած այս ինքնասպանության դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել
10:54, January 13, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։ ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։ Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։ Նաև վկայակոչում են դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի և ներքին օրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:
2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո Ա․Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ:
Փաստորեն, ինչպես պարզ է դառնում վերը նշվածից, Անզոր Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ է անցկացրել և թե ինչ հանգամանքներ կարող էին նրան դրդել ինքնասպանության, մնում է անհասկանալի։
Այնուամենայնիվ, համադրելով վկայակոչված փաստերը և Ա. Կարապետյանի հարազատների պատմածը, Ա. Կարապետյանի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալը, քրեակատարողական հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը և դիահերձման ընթացքում ի հայտ եկած մարմնական վնասվածքները, Ա. Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելը առավել քան արժանահավատ չէ:
Դիմումատուները հայտնել են, որ Անզոր Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն՝ հայցելով Կազմակերպության օգնությունը այդ հարցում:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության ևս երկու դեպք է տեղի ունենցել՝ 2015թ․ դեկտեմբերի 19-ին դատապարտյալներից մեկին կախված էին գտել, իսկ 2016թ․ հունվարի 6-ին Արմավիր ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել էր դատապարտյալ Արմեն Փարսադանյանի դին: Եթե այս երկու դեպքերի մասին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կողմից տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն, ապա Ա․Կարապետյանի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածվել։ Այս հանգամանքը ևս մեծացնում է Ա․Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ վարկածի ոչ արժանահավատ լինելու հավանականությունը:
Եվս մեկ կարևոր հանգամանք. Ա. Կարապետյանը ՔԿՀ տեղափոխվելուց հետո գտնվել է այն նույն խցում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանության վերոնշյալ դեպքերից մեկը։