Անհայտ կորածների մեծ մասի ճակատագրի և գտնվելու վերաբերյալ տեղեկությունները ճշտվել են՝ առայժմ հայտնի չէ միայն մեկ հոգու գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկությունը
16:11, April 13, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հակամարտություններից տուժածների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը:
2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։ Շարունակվում և շարունակվելու են նրանց մահանալու հանգամանքների ուղղությամբ տեղեկությունների հավաքագրման աշխատանքները։
Ապրիլի 6-ին մահացած զինծառայողներից երկուսի՝ Սուրեն Արթուրի Արամյանի եւ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան պատճառը հանդիսացել է միջանձնային հարաբերությունները:
Շարքային, պայմանագրային զինծառայող Կարեն Դավթյանը, հերթափոխը հանձնելուց հետո՝ ապրիլի 5-ին, հետդարձի ճանապարհին սարերի գագաթից կուտակված ձնահոսքից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու շուրջ 100 մետր գլորվել է ցած և մահացել:
Մահացած զինծառայողների թվում է Վարդան Լեւիկի Մաթեւոսյանը, ով զոհվել է ապրիլի 8-ին, երբ ՊՆ զորամասերից մեկի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը ապրիլի 11-ին մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Ինչ վերաբերում է անհայտ կորած անձանց գտնվելու վայրի և նրանց ճակատագրի մասին տեղեկատվությանը, ապա մինչև ապրիլի 12-ը Կազմակերպության տվյալների բազայում անհայտ կորածները 10 հոգի էին։ Կազմակերպության կողմից ապրիլի 12-ին լրատվամիջոցների տրամադրած ցուցակի հետ կապված կազմակերպություն են զանգահարել ՀՀ զինկոմիսարիատներից մեկից՝ փորձելով ճշտել այդ տվյալների հավաստիությունը։ Նաեւ կապվել են ԼՂՀ Կառավարությունից և ԼՂՀ ՊԲ-ի մամուլի քարտուղարը՝ փորձելով հասկանալ այդ ցուցակում գտնվողների վերաբերյալ տեղեկատվության հիմնավորվածությունը։ Կազմակերպության կողմից, բացատրվել է, որ քանի դեռ ցուցակում նշված զինծառայողների հարազատները որևէ տեղեկատվության չեն տիրապետում իրենց զինծառայողի վերաբերյալ, պետք է համարվեն անհայտ կորած։ Միաժամանակ բացատրվել է, որ ցուցակում ներառված զինծառայողների հարազատների իրավունքն է ունենալ համապատասխան տեղեկատվությունը, որի տրամադրման համար պատասխանատու են հենց պետական մարմինները։ Վերջիններիս է ուղարկվել մինչ ապրիլի 12-ը անհայտ կորածների ցուցակը։ Համապատասխան ստուգումներից և ճշտումներից հետո, պետական մարմիններից Կազմակերպությանը հայտնել են, որ ցուցակում ներառված 10 անհայտ կորածներից 9-ը ողջ են, գտնվում են իրենց ծառայության վայրում և գտնվում են նույն գումարտակում։ Պարզապես տեխնիկական դժվարությունների պատճառով հնարավոր չի եղել ժամանակին տեղեկացնել հարազատներին։ Նշյալ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է նաեւ ԼՂՀ Կառավարության ներկայացուցչին:
Պաշտոնական տեղեկատվությունն ստանալուց հետո մեր կողմից համապատասխան տեղեղեկությունները տրամադրվել են այդ ինը զինծառայողների հարազատներին։
Կարծում ենք, Պաշտպանության նախարարությունը և Պաշտպանության բանակը հնարավորինս կարճ ժամկետում կապահովեն այդ զինծառայողների կապը իրենց հարազատների հետ, որպեսզի ապահովեն վերջիններիս տեղեկացված լինելու իրավունքը իրենց զինծառայողի ճակատագրի վերաբերյալ։ Նման տեղեկատվությունն ունի նաև ակնհայտ հոգեբանական նշանակություն հարազատների և զինծառայողի համար։
Տես նաև՝ http://iravaban.net/123845.