ԵՄ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային Պլատֆորմի Հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակվող քաղաքական հետապնդումների վերաբերյալ
17:24, April 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր Խորհրդարան14 ապրիլի, 2015թ.
Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ՀՀ գործող իշխանությունների սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախում այս անգամ հայտնվել է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժումը: Ավելի վաղ, այս միավորման անդամներն իրենց խաղաղ եւ Սահմանադրության տառին համապատասխանող միջոցառումների ընթացքում պարբերաբար հարձակումների են ենթարկվել թե՛ ոստիկանների եւ թե՛ քրեական տարրերի կողմից: 2015թ. ապրիլի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հանրապետությունով մեկ խուզարկվել, բերման ենթարկվել, այնուհետ շինծու մեղադրանքներով ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամները, առգրավվել են նրանց հաղորդակցության միջոցներ, համակարգիչները եւ փաստաթղթերը: Այս գործողություններն իրականացվել են ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով:
Ի հավելումն այս ամենի, 2015թ. ապրիլի 11-ին դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Հիմնադիր խորհրդարանի 5 անդամների:
Երկրի բարձրագույն իշխանությունների քաղաքական հրահանգը կատարող իրավապահ մարմինների եւ արդարադատությունն ապահովելուն կոչված դատական ատյանների՝ իրենց ապօրինի գործողությունների հիմնավորումները, ակնհայտորեն, չեն դիմանում որեւէ քննադատության: 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում իբրեւ թե զանգվածային անկարգությունների կազմակերպումը կանխելու մասին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունը արժանահավատ չէ, խախտում է անմեղության կանխավարկածը եւ հավաքների ազատության իրավունքը, իսկ ձերբակալվածների բնակարաններում խուզարկությունների արդյունքում առգրավված խոհանոցային դանակները, ապակե շիշը, ծխախոտի եւ սոդայի տուփերը որպես հավանական հանցագործությունների գործիքներ ներկայացնելը՝ պարզապես զավեշտալի է:
ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի գործողությունները մենք գնահատում ենք որպես ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների հերթական կոպտագույն ոտնահարում։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, իսկ ապօրինի գործողություններ իրականացնողներին` ենթարկել պատասխանատվության:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
14 ապրիլի, 2015թ.
ք.Երեւան
Աղբյուրը՝ www.eaparmenianews.wordpress.com