Կշարունակվի Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը
17:08, March 15, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ ԱԱԾ վարչական շենքում Կարեն Քյուփելյանին պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենք իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել Կարեն Քյուփելյանը, որտեղ մնացել է մոտ մեկ օր՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակից Հ. Մազմանյանի հսկողության ներքո՝ վերադաս աշխատակիցների հրահանգով:
2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 2007 թվականի նոյեմբերի 1-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու և ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ապօրինաբար մեկ օր պահելու դեպքի առթիվ:
Քրեական գործի շրջանակներում Կ. Քյուփելյանը ճանաչվել է տուժող, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և նույն գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը՝ տուժողի ներկայացուցիչներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հ. Մազմանյանին և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: