Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրենը միաժամանակ երկու դասարանի դասղեկ է. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել
10:29, December 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի քաղաքի մի շարք դպրոցների փոխտնօրեններ՝ հայտնելով Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Ն. Նալբանդյանի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին և աջակցություն ակնկալելով խնդիրը լուծելու հարցում:
Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Սաքունց,
Դիմում են Ձեզ քաղաքի որոշ դպրոցների փոխտնօրեններ: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը չներկայանալու համար բավականին պարզ պատճառներով:
Սեպտեմբեր ամսվա սկզբին դիմեցինք կրթության և գիտության նախարար պ-ն Լ. Մկրտչյանին նույն այս բովանդակությամբ նամակով և,ի զարմանս մեզ, ոչինչ չփոխվեց. Նամակով դիմել ենք նաև վարչապետի կրթության և գիտության գծով օգնական պ-ն Մուրադյանին, և նույնպես համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել:
Դիմում ենք Ձեզ մեծ ակնկալիքով, որ հարցը կհասցնեք համապատասխան ատյաններ:
Հարցը հետևյալն է.
2015-2016 ուստարվա ավարտին ներկա գտնվեցինք Վանաձորի N 11 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը:
Վարողը, ներկայացնելով XII դասարաններին, հրավիրում էր նրանց դպրոցի բակ դասղեկների հետ միասին:
Որքան եղավ մեր զարմանքը, որ XII ռուսական հումանիտար և XII ռուսական բնագիտական դասարանները ներկայացան իրենց դասղեկ Նատալյա Ալեքսանդրի Նալբանդյանի հետ:
Բանը նրանում է, որ այս անձնավորությունը N 11ավագ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է:
Ըստ գործող օրենքի՝ դպրոցի փոխտնօրենն իրավունք չունի ունենալ սահմանված քանակից ավելի դասաժամ և առավել ևս (դասղեկություն, այն էլ երկու դասարանի):
Զարմանքով դիմեցինք դպրոցի ուսուցիչներին և իմացանք, որ Ն. Նալբանդյանը տարիներ շարունակ վարում է դասղեկություն և ունենում է հասանելիք ժամերից ավել դասաժամեր: Պարզեցինք, որ նրա ժամերը և դասղեկությունները գրվում են այլ ուսուցիչների անուններով, իսկ աշակերտները զգուշացվում են, որ ստուգումների դեպքում տան այդ ուսուցիչների անունները:
Այսինքն՝ Ն. Նալբանդյանը, չարաշահելով իր պաշտոնը, կեղծում է պետական փաստաթղթեր (մատյան, տարիֆիկացիա և այլն) և, լինելով դաստիարակչական գծով փոխտնօրեն և որպես գրականության ուսուցչուհի խոսելով բարձր արժեքների մասին, սովորեցնում է երեխաներին ստել:
Այս ուսումնական տարում նա նույնպես 2 դասարանների դասղեկ է (X ռ/h X ռ/բ) և պարապում է սահմանված քանակից ավելի դասաժամ:
Օգտվելով իր հնարավորություններից, նա հավաքում է բավականին քանակով աշակերտ պարապելու համար: Ստացվում է, որ փոխտնօրեն Ն. Նալբանդյանը դպրոցը դարձրել է իր համար յուրատեսակ «խոպան»:
Այս ամենը պետք է ունենա իր հստակ իրավական գնահատականը, քանի որ չի կարող բոլորի համար ընդհանուր համարվող օրենքը մեկին արտոնյալ կարգավիճակում դնել: Սա նշանակում է, որ այստեղ առկա է ինչ-որ կոռուպցիոն տարր, որը դրսեւորվում է նման մարդկանց նկատմամբ հովանավորչություն իրականացնելու միջոցով, և այն ունի իր շղթայական շարունակությունը:
Հարգելի պարոն Սաքունց, այս իրավախախտումների բացահայտման և անօրինությունների կանխման հարցում ապավինում ենք Ձեր աջակցությանը:»
Դիմումի ձեռագիր տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ