Նախագահի գործողություններն ու անգործությունը մնում են անքննելի
18:57, January 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | ԵՏՄՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով գործի քննության ընդունումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. նոյեմբերի 12-ին դիմում էր ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով խնդրել էր ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները այնքանով, որքանով սահմանափակում են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ Նախագահի իրականացրած գործողությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, հոդվածներին հակասող և անվավեր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններ, որոնցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միության անդամակցելուն ուղղված գործողությունները, մասնավորապես 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը:
ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններ ուղարկված բողոքների քննությունը մերժվել էր, պատճառաբանությամբ, որ այդ հարցով ՀՀ վարչական դատարանը չի կարող զբաղվել, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները և արդյունքում անհնարին է դառնում ՀՀ որևէ դատական ատյանում բողոքարկել ՀՀ նախագահի իրականացրած գործողությունները կամ անգործությունը:
Ելնելով այս հանգամանքից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել վերոհիշյալ հարցով, սակայն ինչպես տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2014 թ. դեկտեմբերի 4-ին կայացված որոշումից՝ դատարանը մերժել է քննարկել այդ հարցը:
Այսպիսով, ՀՀ նախագահի գործողությունների և անգործության բողոքարկումը կամ դրանց ոչ օրինաչափ ճանաչումը, ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշման, հանդիսանում է «անքննելի»: