Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
19:18, May 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Կարեն Քյուփելյան2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ղազարյանի, քննության առնվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մ. Մելքոնյանի, քննության առնելով տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թ. հոկտեմբերի 19-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ, 2016 թ. մարտի 23-ին մերժել էր այն:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, վարույթն իրականացրած քննիչ Ա. Օհանյանը և վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը: Դատարանի ծանուցմամբ դատական նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԱԱԾ աշխատակից Է. Նանյանը և նախկին աշխատակից Հ. Մազմանյանը: Դատարանը վերջիններիս պարզաբանեց, որ նրանք ծանուցվել են դատական նիստի օրվա և ժամի մասին, քանի որ քննվող բողոքն առնչվում է նրանց իրավունքներին և օրինական շահերին:
Բացարկի միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո Դատարանն անցավ գործի դատավարական նախապատմության ներկայացմանը, իսկ այնուհետև՝ բողոքի քննությանը:
Տուժողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց բողոքի հիմնավորումները՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի որոշումներն անհիմն են, չեն բխում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներից: Նախաքննության շրջանակներում կայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ տուժողի հայտնած տվյալները կարող են կրել շահագրգիռ բնույթ՝ ոչ մի կերպ չհիմանվորելով այդ ենթադրությունը: Չնայած նրան, որ քրեական գործ հարուցվելու պահից վարույթն իրականացնող մարմնին հայտնի էին Կ. Քյուփելյանին տուժող ճանաչելու հիմքերը՝ վերջինս տուժող է ճանաչվել քրեական գործ հարուցվելուց երկուսուկես ամիս անց միայն:
Տուժողի ներկայացուցիչը նշեց նաև, որ Կ. Քյուփելյանն ինչպես որպես վկա, այնպես էլ որպես տուժող ցուցմունք տալու ժամանակ նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին:
Տ. Սիրադեղյանը կարծիք հայտնեց նաև, որ ըստ էության, ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանը Է. Նանյանին և Տ. Աղաջանյանին մեղադրանք կառաջադրեր վերջիններիս կողմից ինքնախոստովանական ցուցմունքներ տալու դեպքում, որպիսի հետևությունը բխում է նախաքննության ընթացքից, քանզի Հ. Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել միայն իր և տուժող Կ. Քյուփելյանի ցուցմունքների հիման վրա, այսինքն՝ մի դեպքում վերջիններիս ցուցմունքները բավարար են համարվել Հ. Մազմանյանին մեղադրանք առաջադրելու համար, իսկ մյուս դեպքում՝ արժանահավատ չեն համարվել Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի կողմից Հ. Մազմանյանին հրահանգ կամ հրաման տալը հիմնավորելու համար:
Տ. Սիրադեղյանն անհիմն համարեց նաև վարույթն իրականացնող մարմնի՝ գործով այլ ապացույցներ ձեռք բերելու սպառման մասին հետևությունը՝ նշելով, որ ըստ գործով հարցաքննված անձանց ցուցմունքների՝ դեպքի մասին տեղեկությունների տիրապետել են նաև այլ անձինք, ինչպես նաև՝ համապատասխան վարչության աշխատակիցները: Տ. Սիրադեղյանը նշեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինը չի անդրադարձել Է. Նանյանի և Տ. Առաջանյանի կողմից իրենց վրա դրված ծառայողական պարտականությունների կատարման պատշաճության հարցին, մասնավորապես՝ որևէ միջոց չի ձեռնարկվել պարզելու, թե արդյոք վերջիններս իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կրում էին ՀՀ ԱԱԾ բերման ենթարկված անձի նկատմամբ իրականացվող գործողությունների վերահսկման պարտականություն:
Այսպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 23-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Բողոքին միացավ տուժող Կ. Քյուփելյանը՝ նշելով, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կոծկել է հանցագործությունը:
Բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները հայտնեցին վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը և վարույթն իրականացրած Ա. Օհանյանը: Մասնավորապես՜ Ա. Շահբազյանը նշեց, որ Կ. Քյուփելյանի՝ շահագրգիռ անձ լինելու վերաբերյալ հետևությունը հիմնված է վերջինիս գործով տուժող ճանաչված լինելու վրա: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում ապացույցներ ձեռք չեն բերվել Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի կողմից հանցագործություն կատարած լինելու փաստի հիմնավորման վերաբերյալ, միաժամանակ՜ նախաքննության ընթացքում որևէ անձի իրավունքները և ազատությունները չեն խախտվել: Այդպիսով՜ Ա. Շահբազյանն օրինական համարեց նախաքննական մարմնի և դատարանի որոշումներն ու խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Վարույթն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանը նույնպես անհիմն համարեց ներկայացված բողոքը, գտավ, որ նախաքննության ընթացքում Կ. Քյուփելյանի իրավունքները չեն խախտվել, նշեց, որ այլ անձանց հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայել է, քանի որ բողոքաբերի մատնանշած անձինք ներկա չեն գտնվել հրահանգ կամ հրաման տալու ժամանակ: Ա. Օհանյանը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում սպառվել են այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, դրա հիմքով էլ կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Նա հիմնավոր համարեց ինչպես իր, այնպես էլ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները և խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Դատարանը ճշտեց նաև բողոքի վերաբերյալ Է. Նանյանի և Հ. Մազմանյանի կարծիքները: Է. Նանյանը նշեց, որ իր ցուցմունքներում բազմիցս հայտնել է, որ նման հրահանգ չի տվել և խնդրեց մերժել բողոքը:
Հ. Մազմանյանն իր խոսքում հայտնեց, որ հիմնավոր է համարում բողոքը, քանի որ նախաքննությանը ընթացքում միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու, թե արդյոք Հ. Մազմանյանը կարող էր առանց հրահանգի, իր լիազորություններից ելնելով, Կ. Քյուփելյանին պահել ՀՀ ԱԱԾ վարչական շենքում:
Այնուհետև բողոքաբեր կողմը հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ քրեական գործ հարուցելու պահից տուժող ճանաչվելու դեպքում Կ. Քյուփելյանը կկրեր ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված իրավունքները՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում չի պարզվել, թե ինչ հիմքով է Կ. Քյուփելյանը պահվել ՀՀ ԱԱԾ վարչական շենքում Հ. Մազմանյանի գնալուց հետո, ովքեր են նրան պահել և ում հրահանգով, իսկ այդ հարցերի լուծումը կարևոր նշանակություն ունի գործի ելքի համար:
Կողմերը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չունեին:
Դատարանը, նկատի ունենալով մեկ այլ գործով նախապես դատական նիստ նշանակված լինելու հանգամանքը, հետաձգեց բողոքի քննությունը՝ նշանակելով 2016 թ. մայիսի 20-ին, ժամը 13:30-ին: