ԱԱԾ աշխատակիցը մեղավոր ճանաչվեց և ազատվեց քրեական պատասխանատվությունից
16:15, March 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն Քյուփելյան2016 թ. մարտի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի՝ պաշտոնեական լիազորություներն անցնելու գործով քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին, ավարտելով գործի դատաքննությունը, դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին:
Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալ Հ. Մազմանյանը, նրա շահերի պաշտպան Տանյա Հակոբյանը, մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը, տուժող Կարեն Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատական նիստին դատավարության կողմերը հանդես եկան դատական ճառերով:
Մեղադրող Ա. Շահբազյանն իր ճառում նշեց, որ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեց Հ. Մազմանյանի մեղքն իրեն առաջադրված մեղադրանքում այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ, 2007 թ. նոյեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, քրեական օրենքով արգելված արարք՝ մաքսանենգության փորձ կատարելու կասկածանքով Կ. Քյուփելյանին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկելուց և այդ կապակցությամբ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո, 3 ժամ անց պարտավոր լինելով նրան անհապաղ ազատ արձակել, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, մինչև 2007 թ. նոյեմբերի 2-ը` ժամը 09-ի սահմանները, Կ. Քյուփելյանի կամքին հակառակ նրան ապօրինի պահել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում: Մեղադրող Ա. Շահբազյանը նշեց, որ գործով մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն և միջնորդեց ամբաստանյալ Հ. Մազմանյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված հանցագործության կատարման մեջ: Միաժամանակ, Ա. Շահբազյանը միջնորդեց Հ. Մազմանյանին ազատել պատժի կրումից՝ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչն իր ճառում նշեց, որ դատավարությունը պետք է ընթանար տուժողի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, քանզի նրա նկատմամբ կատարված հանցագործության ամբողջական պարզումն ու բացահայտումն անմիջական ազդեցություն ունի Կ. Քյուփելյանի խախտված իրավունքների և ազատությունների իրական վերականգնման ու պատճառված իրական վնասների փոխհատուցում ստանալու համար: Չնայած դրան՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ Դատարանը փորձ չկատարեց գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Իր ճառում տուժողի ներկայացուցիչը նշեց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հակաօրինական արարքը, այն է՝ Կ. Քյուփելյանին անօրինական կարգով անազատության մեջ պահելը, տեղի է ունեցել ոչ միայն Հ. Մազմանյանի, այլ նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այլ աշխատակիցների կողմից և չի սահմանափակվել միայն 2007 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նրան անազատության մեջ պահելու փաստով: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը միջնորդեց Դատարանին դիմել գործով մեղադրողին՝ նոր քրեական գործ հարուցելու պահանջով, և Հ. Մազմանյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ:
Ճառով հանդես գալու ցանկություն ուներ նաև տուժող Կ. Քյուփելյանը, սակայն նախագահող դատավոր Գ. Պողոսյանը հնարավորություն չտվեց Կ. Քյուփելյանին ավարտին հասցնել իր կողմից հնչեցված ճառը, նշելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է, որ ճառով հանդես են գալիս կամ տուժողը, կամ նրա ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկայացուցչի մեղադրանքները բավականաչափ լսել է և ցանկություն չունի լսելու նաև տուժողի խոսքը:
Ամբաստանյալ Հ. Մազմանյանի պաշտպան Տ. Հակոբյանն իր պաշտպանական ճառում հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ նախաքննության և դատաքննության ընթացքում չի պարզվել այն հանգամանքը, թե արդյոք Հ. Մազմանյանը հանդիսացել է իրեն վերագրվող արարքի սուբյեկտ՝ պաշտոնատար անձ: Տ. Հակոբյանը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում իր պաշտպանյալի մեղավորությունը կատարված արարքում՝ վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ անձին հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկածից վեր ապացուցվածություն, ինչը, ըստ պաշտպանի, տվյալ դեպքում բացակայում էր: Նա ներկայացրեց նաև նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներ, ինչպես նաև գործով չպարզված մի շարք հանգամանքներ: Այդպիսով՝ Տ. Հակոբյանը խնդրեց ճանաչել և հռչակել Հ.Մազմանյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալը միացավ պաշտպանի ճառին: Տուժող Կ. Քյուփելյանը ցանկություն հայտնեց հանդես գալ ռեպլիկով, սակայն Դատարանը, նշելով, որ ռեպլիկը ներկայացվում է միայն ճառերի մասով, հնարավորություն չտվեց տուժողին հանդես գալ ռեպլիկով: Դատավարության մյուս մասնակիցները ռեպլիկով հանդես գալու ցանկություն չունեին:
Ամբաստանյալ Հ. Մազմանյանն իր վերջին խոսքում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում կատարված արարքի մեջ, գտավ, որ չկան բավարար ապացույցներ իրեն մեղավոր ճանաչելու համար, ուստի խնդրեց իրեն ճանաչել անմեղ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նշելով, որ դատական ակտը կհրապարակվի 2016 թ. մարտի 17-ին, ժամը 09:55-ին:
2016 թ. մարտի 17-ին հրապարակված դատավճռով դատարանը մեղավոր ճանաչեց Մ. Մազմանյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրան ազատեց քրեական պատասխանատվությունից: