Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը
13:03, July 17, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2018 թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին:
Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:
Փորձագետները եզրակացրել են, որ սրտաբանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Եվ խնդիրն արձանագրելուն պես պետք է ուղեգրեր այլ հետազոտությունների, ինչը չի արել:
Նշենք, որ զորակոչային հանձնաժողովի բժիշկների մի մասը դատարանում նշել է, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական են պնդել:
Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների:
Փորձագետին հարցաքննելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-ին: