ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխաններ չունի ուղիղ հարցերին
18:37, February 20, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ«Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ն մի շարք առողջական խնդիրներով գտնվում է խոնավ կարանտինային խցում: Նրա փոխանցմամբ՝ խցի խոնավությունը բացասաբար է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, իսկ բուժմաս տեղափոխելու դիմումը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եղիազարյանը մերժել է:
Սրա մասին Է. Ե.-ն հայտնել է 2017 թ. հոկտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղած դիմումում:
Կալանավորն անդրադարձել էր նաև ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակին և նշել, որ այն սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում:
Դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. նոյեմբերի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Է. Ե.-ի խախտված իրավունքները վերականգնելու և դիմումում նշված մյուս հանգամանքներն ստուգելու ու խախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:
Չնայած դիմումում բարձրացված հարցերի բովանդակությանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը: 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված իր պատասխանում վերջինս նշում է, թե ինչ հետազոտություններ է անցել Է. Ե.-ն, և ինչ բուժում է նշանակվել:
Ընդ որում՝ հիշատակված հետազոտությունների գերակշիռ մասն իրականացվել է կալանավորի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումից հետո: Բայց կարանտինային խցի պայմանների ու կալանավորի առողջության վրա դրա ունեցած ազդեցությանը Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի պատասխանում անդրադարձ չկա:
Ավելին՝ ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակի և կալանավորին կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու մասով փաստացի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը պատասխան չի տրվել: ՀՀ Արդարադատության նախարարը սրանով փորձել է խուսափել բարձրաձայնված հարցերից:
Այս խնդրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել էր նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով: Վերջինս կարանտինային խցում պահվում է 2 ամսից ավելի, իսկ Քրեակատարողական վարչությունը այդ հարցով Է. Տ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի դիմումի պատասխանում կրկին շրջանցել էր հարցը:
Է. Տ.-ի հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել, սակայն սայլը տեղից չի շարժվում: