Իրավապաշտպանները թերահավատ են, թե ՔԿՀ-երում դրական փոփոխություններ կլինեն
11:38, June 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՄիջազգային տարբեր կազմակերպությունների կոշտ գնահատականներին պարբերաբար արժանացող հայաստանյան բանտային համակարգում դրական փոփոխությունների հույս իրավապաշտպաններն ու փաստաբանները չունեն: Նրանց համոզմամբ՝ դրան չի կարող նպաստել անգամ Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նաև բանտերը դիտարկող անկախ խմբի անդամ է, ասաց, թե Դավիթ Հարությունյանը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բարեփոխումներ իրականացնել:
Սաքունցի խոսքով՝ բարեփոխումների համար քաղաքական կամք է հարկավոր․ – «Իսկ քաղաքական կամքը ոչ թե նախարարի մակարդակով է որոշվում, այլ որոշվում է Հանրապետության նախագահի մակարդակով: Բայց Հանրապետության նախագահի մակարդակով որևէ բարեփոխում իրականացնելու վերաբերյալ քաղաքական կամքի առկայության մասին ես չեմ կարող որևէ փաստարկ բերել․․․ Այնպես որ, ինքը [Դավիթ Հարությունյանը] ուզած-չուզած պետք է տեղավորվի այն շրջանակների մեջ, որը սահմանում է Հանրապետության նախագահը: Եվ թերահավատ եմ, որ կկարողանա փոխել արմատապես այն տխուր իրավիճակը, որ տեղի ունի քրեակատարողական հիմնարկներում»:
Նաև բանտային խնդիրներին քաջատեղյակ Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարարի 9 տարվա փորձ ունի: Նախարարի պաշտոնում կրկին նշանակվելուց հետո, սակայն, լրագրողներին ասել էր, թե «առկա խնդիրները մանրամասն վերլուծություն են պահանջում»:
Նախարարը չէր համաձայնել լրագրողների դիտարկումներին, թե բանտերում դրամի ապօրինի շրջանառություն կա, գործում են չգրված կանոնները, քրեակատարողական հիմնարկները նախարարության կողմից վերադասության սկբունքով չեն վերահսկվում ու կառավարվում․ – «Նախ ես լավ չեմ հասկանում է, թե ինչ է նշանակում «չեն ենթարկվում նախարարությանը, նախարարին»: Բնականաբար, դա ծառայության առանձին տեսակ է, ինչը բխում է մեր երկրի կառավարման բարեփոխումներից, այնուամենայնիվ Արդարադատության նախարարը պատասխանատվություն կրում է այդ համակարգի պատշաճ գործունեության համար: Եվ դրանով էլ պայմանավորված՝ երբ մենք ասում ենք քաղաքական պատասխանատվության, դա ենթադրում է քաղաքականություն իրականացնել: Եվ մենք անելու ենք մեր քայլերը»:
Բանտերում ոչ պատշաճ բուժօգնության, մարդու իրավունքների ոտնահարման և մի շարք այլ խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնող փաստաբաններից է Նինա Կարապետյանցը: «Ազատության» հետ զրույցում նա ընդգծեց, որ գոյություն ունեցող խնդիրները չեն փոխվել, մինչդեռ դրանք կարգավորելու համար Դավիթ Հարությունյանը 9 տարի ժամանակ է ունեցել:
Փաստաբանը նշեց, թե նախարարն առանց դժվարանալու պետք է հրատապ լուծման կարիք ունեցող միանգամից մի քանի խնդիր մատնանշեր․ – «Պահման պայմանները․ մենք ստացանք ինֆորմացիա, որ այսօր արդեն գերբնակեցվածությունը սկսել է կտրուկ ավելանալ, և իսկապես դա խնդիր է դառնում, որովհետև մարդիկ հերթով են քնում: Բուժօգնությունը, որ տրամադրվում է․․․ որը որ չի տրամադրվում ավելի շուտ․․․ Սնունդը: Ես գտնում եմ, որ այդ երեք խնդիրը գոնե․․․ Ամբողջ խնդիրն այն է, որ նախարարը չի ընդունում խնդրի առկայությունը: Եվ ակնկալել այս դեպքում, որ նախարարը ինչ-որ գործողություններ կանի խնդիրը լուծելու համար, անլուրջ է ուղղակի»:
Սարի թաղի բախումների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, արդեն չի էլ հիշում, թե քանի անգամ է հրապարակավ դիմել Արդարադատության նախկին նախարարին՝ բանտերում անմարդկային վերաբերմունքին վերջ դնելու պահանջով: «Ազատության» հետ զրույցում Բերնեցյանն ասաց, որ նոր նախարարին այլևս չի դիմելու, որովհետև համոզվել է՝ արդյունքը զրո է, իսկ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում: Սնունդ, դեղ ու ծխախոտ ամուսնուն հասցնելու համար, անչափահաս դստեր հետ ՔԿՀ-ում շուրջ 5 ժամ հերթ է կանգնում:
«Սնունդը սննդի նման չի: Մի տարի ա բարձրաձայնում եմ՝ էնտեղ բուժօգնություն չկա, զրո ա: Շոր եմ հանում ներսից դուրս՝ ուղիղ երեք օր պիտի պարանի վրա դրսում մնա, որ նոր չորրորդ օրը լվում ես երեք անգամ, որ նոր հոտը անցնում ա: Տասնչորս հոգի մի կամեռի մեջ, էդի լրիվ անմարդկային պայմաններում ա», – ասաց կալանավորի կինը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի պարագայում անգամ, բանտերի գերծանրաբեռնվածությունը կրկին արդիական խնդիր է: Սաքունցը տեղեկություններ ունի, օրինակ, որ որոշ բանտերում սկսել են 650 գրամ հացի փոխարեն 500 գրամ հաց տալ ազատազրկվածներին: Նրա խոսքով, վիճակը ընդհանուր առմամբ գնալով ավելի է ծանրանում:
Թե՛ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու թե՛ փաստաբան Նինա Կարապետյանցը պնդում են, որ բանտային համակարգն Արդարադատության նախարարության ենթակայության տակ է միայն թղթերով, որովհետև թե՛ ՔԿՀ-ների պետերին, և թե՛ նախարարին նշանակում է երկրի նախագահը:
«Քրեակատարողական վարչությունը, լինելով Արդարարադատության նախարարության ստորաբաժանում, իր կարգավիճակով հավասարեցված է Արդարադատության նախարարի կարգավիճակին: Եվ սա կառավարման տեսակետից լուրջ հակասություն է բերում», – ասաց Սաքունցը:
«Ես միշտ ասել եմ, որ Արդարադատության նախարարությունից դուրս ա: Նախ Քրեակատարողական վարչությունը ընդհանրապես դուրս ա, իսկ կալանավայրերն էլ, իմ կարծիքով, ավելի շատ ղեկավարվում են ոչ գրված օրենքներով», – նշեց Կարապետյանցը: