Կշարունակվի Կ. Քյուփելյանի գործով բողոքի քննությունը
16:04, January 21, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կշարունակվի ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ Կ. Քյուփելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հավելենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենք իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել Կարեն Քյուփելյանը, որտեղ մնացել է մոտ մեկ օր՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակից Հ. Մազմանյանի հսկողության ներքո՝ վերադաս աշխատակիցների հրահանգով:
2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 2007 թվականի նոյեմբերի 1-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու և ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ապօրինաբար մեկ օր պահելու դեպքի առթիվ:
Քրեական գործի շրջանակներում Կ. Քյուփելյանը ճանաչվել է տուժող, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և նույն գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը՝ տուժողի ներկայացուցիչներ:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանը 2015 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրել է՝ ՀՀ ԱԱԾ աշխատակից Է. Նանյանի և նախկին աշխատակից Տ. Աղաջանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ նրանց արարքներում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
Սույն որոշման դեմ Կ. Քյուփելյանի և նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով խնդրել է՝ վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: