«Պերմյակովը կորել է» հարցը ռացիոնալ հիմքեր ունի
11:02, June 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության ողբերգականն դեպքը մինչ օրս չի ստացել իր հանգուցալուծումը: Դրան զուգահեռ, մամուլում վերջերս ակտիվ շրջանառվում են հոդվածներ «Պերմյակովը կորել է» վերնագրերով:
Shabat.am-ը գործի մանրամասների, հետագա ընթացքի և Պերմյակովի շուրջ քննարկվող վարկածների մասին զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով ի սկզբանե նշեց, որ «Պերմյակովը կորել է, թե՞ ոչ» հարցին, հստակ պատասխանել չի կարող, քանի որ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից խափանման միջոց չի կիրառվել:
«Ավելին, մենք որպես Ավետիսյանների ընտանիքի անդամներից մեկի տուժող իրավահաջորդի ներկայացուցիչ միջնորդությամբ հանդես էինք եկել քննչական մարմնի առջև, որպեսզի այն խափանման միջոց ընտրի Պերմյակովի նկատմամբ, որը չի կատարվել՝ հղում կատարելով այն հանգամանքին, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները արդեն խափանման միջոցի հարցը լուծել են: Բայց դա նշանակում է նաև, որ մենք որևէ երաշխիք չունենք, այսինքն եթե վաղը չէ մյուս օրը Պերմյակովը Հայաստանի տարածքից տեղափոխվի ՌԴ, ապա մենք որևէ իրավական հիմնավորում կամ իրավական պահանջ չենք կարողանալու ներկայացնել ռուսական կողմին, որ նման տեղափոխությունը ապօրինի է»,- ասաց Սաքունցը, հավելով, որ այս պարագայում ինչքան էլ «Պերմյակովը կորել է» հարցը հռետորական է հնչում, իրականում իր հիմքում ունի բավականին ռացիոնալ հիմքեր, որ նա արդեն իսկ հիմա կորած է, քանի որ մենք ելնում ենք ռուսական կողմի այն հայտարարությունից, որ Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել և նա գտնվում ՌԴ ռազմական բազայում:
«Քանի դեռ Պերմյակովը գտվնում է ՌԴ իրավապահ մարմինների հսկողության ներքո, ապա միայն այդքանով Ավետիսյանների գործով սպանության քննությունը սահմանափակված է ՀՀ իրավապահ մարմինների, քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման տեսակետից, որովհետև նրանք հնարավորություն չեն ունենալում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարել ` մասնավորապես անձամբ հարցաքննել Պերմյակովի հետ ծառայած զինծառայայողներին, նաև Պերմյակովին ըստ անհրաժեշտության, քննչական գործողություններից ելնելով առերեսումներ կազմակերպել, հրամանատարներին հարցաքննել, այսինքն լիովին ազատ չեն, ինչից ելնելով էլ սահմանափակված են նաև հանցագործության բացահայտմանհնարավորությունները»,-ընդգծեց իրավապաշտպանը:
Իսկ գործի հետագա ընթացքի մասին Սաքունցը կանխատեսումներ անել չցանկացավ՝ դեռևս հայտնի չէ, թե որ դատարանում է քննվելու գործը՝ Հայաստանի, թե ՌԴ-ի. «Այնպես որ Ավետիսյանների գործով բավական լուրջ՝ թե ընթացակարգային, թե բովանդակային հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք, իսկ դրա հիմնական պատճառը ՀՀ գլխավոր դատախազության ոչ հետևողական պահվածքն է»: