Քրեակատարողական վարչությունից «հավաստիացնում են», թե Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում
18:43, October 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՄենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: Հիշեցնենք՝ կալանավորին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համեմատաբար անվտանգ համարվող մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:
Մինչ ՀՀ Արդարադատության նախարարությունից կարձագանքեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը, Ա. Քոչինյանի ծնողները հերթական անգամ նույն խնդրի մասին ահազանգեցին Կազմակերպություն:
Չնայած դրան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին թվագրված գրությամբ պնդել է, թե այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ա. Քոչինյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով ապահովված է»:
Հետաքրքիր է, որ որպես դրա հիմնավորում՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալը վկայակոչել է կալանավոր Ա. Քոչինյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ին տված բացատրությունները:
Նկատենք, որ Ա. Քոչինյանի ծնողները մինչ օրս ահազանգում են որդուն սպառնացող վտանգի մասին, իսկ հոկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Այսինքն՝ մի կողմից Ա. Քոչինյանը բացատրություն է տալիս ՔԿՎ-ին, թե իբր իր նկատմամբ սպառնալիքներ չկան, մյուս կողմից հարազատներին ահազանգում է իրեն սպառնացող վտանգների մասին:
Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ա. Քոչինյանի իրավունքների պաշտպանության և ՔԿՀ-ում նրա անվտանգության ապահովման վիճակը: