Պերմյակովի՝ ռուս իրավապահների հսկողության տակ գտնվելը խոչընդոտում է Հայաստանում հարուցված գործի քննությանը. Արթուր Սաքունց
11:25, February 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը առաջիկայում պատրաստվում է Հայաստանի քննչական կոմիտեին երկու միջնորդություն ներկայացնել: Այս մասին Newsline-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
«Պատրաստվում ենք միջնորդել, որ սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա քրեական գործ հարուրցվի: Բացի այդ, արդեն ակնհայտ է, որ Վալերի Պերմյակովի ռուսական իրավապահ մարմինների հսկողության տակ գտնվելը խոչընդոտում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից գործի օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննությունը, և հետևաբար՝ մենք միջնորդելու ենք, որ Հայաստանի քննչական մարմին կողմից Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց կիրառվի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ միջնորդությունն, ըստ էության, վերաբերում է Պերմյակովին հայկական կողմիցն հանձնելուն, Սաքունցը պատասխանեց, որ իրենց միջնորդությունն ուղղված է Հայաստանի քննչական կոմիտեին և քննության նկատմամբ վերահսկողություն ունեցող ՀՀ գլխավոր դատախազությունը:
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը, ով հունվարի 13-ին հայտնաբերվել էր ռուս սահմանապահների կողմից՝ Թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս: Վերջինս ցուցմունք է տվել և ընդունել իր մեղքը: Գործի նախաքննությունը շարունակվում է: Պերմյակովը գտնվում է Ռուս իրավապահների հսկողության տակ:
Աղբյուրը՝newsline.am