Արայիկ Զալյան. Ինչքան էլ իդեալական իրավական ակտեր ունենանք, միևնույն է` բախվելու ենք պատին
12:21, May 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին:
Այն, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ցմահ ազատազրկվածներին: Պարբերաբար փաստաբանները և հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են այն մասին, որ դատապարտյալները չեն ստանում պատշաճ բուժօգնություն, պահման պայմանները գտնվում են ոչ նորմալ վիճակում, և սա դեռ ամենը չէ:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Հայաստան24»-ը զրուցեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանի հետ:
Պարոն Զալյան, ՔԿՀ-ներում հատկապես ցմահ դատապարտյալները ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում:
Ցմահ ազատազրկվածների հիմնական խնդիրներից են պայմանական վաղաժամկետի, ռեժիմի փոփոխության հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ իրենց կողմից հրապարակումները և ահազանգերը բազմաթիվ են: Ցմահ ազատազրկվածների հետ կապված բազում խնդիրներ կարող ենք բարձրաձայնել: Օրինակ, բուժսպասարկման ոլորտը, որը վերաբերում է բոլոր դատապարտյալներին, որը չի համապատասխանում ՀՀ հիվանդանոցներում տրամադրվող բժշկական հաստատությունների ծառայության որակին, ավելի բարձր չափանիշ չդնենք: Որոշակի քայլեր, պարտավորություններ, որոնք ստանձնել է նախարարությունը և որոնք քայլ առ քայլ պետք է կատարի և մակարդակը պետք է համապատասխանեցի չափանիշներին, այնուամենայնիվ մինչև տվյալ գործողությունները կկատարվեն, և տվյալ դաշտը կլինի անթերի կամ թերությունները կվերացվեն, դեռևս այդ խնդիրը կա:
ՔԿՀ-ներում կան սննդի հետ, պահման պայմանների հետ կապված դժգոհություններ և այլն:
Կարևոր խնդիր է բնակության վայրերին մոտ ՔԿՀ-ում տեղաբաշխման հետ կապված խնդիրը: Օրինակ, Սյունիքի մարզից դատապարտյալները պատիժ են կրում հիմնականում «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» ՔԿՀ-ում: Գորիս ՔԿՀ-ն ներկայումս ցմահ ազատազրկված անձանց համար նախատեսված պայմաններ չի ապահովում:
ՔԿՀ-ներում գտնվող անձինք ունեն տեսակցությունների իրավունք, հասարակության հետ կապ պահպանելու իրավունք, որը որ պետությունը պետք է համապատասխան հնարավորություն ընձեռի: Եթե դատապարտյալը, օրինակ, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ նրա հարազատները Սյունիքում, ապա հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալական ծանր վիճակը, անհնարին է դառնում տվյալ անձանց հարազատների, մտերիմների հետ շփումը:
Նախորդ տարիներին բոլոր ցմահ ազատազրկվածները գտնվում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ վերջին տարիներին տեղափոխվեցին «Արթիկ», «Արմավիր» ՔԿՀ-ներ, բայց ասել, որ խնդիրը միանշանակ լուծվել է` չենք կարող:
Արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարի 8 ամիս ժամկետը, նշել է, որ նախարարությունը 30 նախագիծ է ներկայացրել: Այս նախագծերի մեջ եղե՞լ է արդյոք մեկը, որը վերաբերել է ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանը: Որևէ դրական փոփոխություն արձանագրվե՞լ է:
Պայմանական վաղաժամկետի հետ կապված նախագիծ է ներկայացվել, որը պետք է դեռ կիրառվի: Երբ ընթերցում ենք, ինքը դեռ դրական է, սակայն եթե նախկինն էլ նայենք, որոշակի հնարավորություններ կային: Սակայն ինչ էր կատարվում նախկինում. կար ինչ-որ չգրված ցուցում, հրաման, որ կոնկրետ հոդվածներով պայմանական վաղաժամկետը մերժվում էր, իսկ վարչակազմի համար այդ պատը մնում էր պատ, այսինքն` ՔԿՀ-ի վարչակազմը, ունենալով իր ձեռքի տակ ցուցակ` հոդվածների հետ կապված, պայմանական վաղաժամկետի հետ կապված ուղղակի մերժում էր: Հիմա այդ օրենսդրությունը փոխվեց, դրական փոփոխություններ եղան, բայց այն, ինչը օրենսդրական դաշտում չէր և ներքին կարգով` ցուցումների, հրամանների տեսքով էր գործում, եթե դրանք պետք է շարունակվեն այս երկրում, ինչքան էլ իդեալական իրավական ակտեր ունենանք, միևնույն է` մենք բախվելու ենք այդ պատին:
Նախորդ տարիների մեր հրապարակումներին ծանոթանալով կտեսնեք, որ կոնկրետ հոդվածներով տարվա ընթացքում վաղաժամկետ ազատվել է 1-2 հոգի:
Վերջերս Դիտորդական խմբի գործունեության սահմանափակման հետ որոշակի տենդենց նկատվեց պետության կողմից: Ինչու եմ ասում` պետության, որովհետև մենք ունենք տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Խումբը 2005 թվականից գործում է և երբևիցե որևէ արգելք չի եղել անձի հետ հանդիպելու հետ կապված: Տվյալ արգելքը սկսվեց զինված խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում կալանավորված և ձերբակալված անձանց հանդիպելու հետ կապված, իրենք ասում են, որ քննիչն արգելել է տեսակցությունները, դուք նման իրավունք չունեք: Եթե մենք ուսումնասիրենք ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքը, նախարարի 66 հրամանը, որը կարգավորում է տվյալ ոլորտը, նման արգելք ուղղակի գոյություն չունի: Կա կառավարության մեկ որոշում, որը վերաբերում է տեսակցություններին, բայց մենք` Դիտորդական խումբը, վերահսկողություն իրականացնող մարմին է, այլ ոչ թե տեսակցություն:
12 տարվա ընթացքում այցելություններ են եղել ՔԿՀ-ներ և հանդիպումներ նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց մասին քննիչը տեսակցություններն արգելելու որոշում ուներ:
Ասածս հետևյալն է. իրավական ակտերի փոփոխությունները կամ թղթին հանձնելը մեկ բան է, իսկ թե դրանք ոնց կկատարվեն, ինչ հրահանգներ կստանան կատարողները` այլ հարց է: