Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվեց
15:33, January 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն Քյուփելյան2016 թ. հունվարի 25-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի՝ պաշտոնեական լիազորություներն անցնելու գործի քննությունը:
Հիշեցնենք, որ Հ. Մազմանյանին մեղադրանք է առաջադրված գործով տուժող Կարեն Քյուփելյանին 2007 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահելու, այսինքն՝ Կ. Քյուփելյանի ազատությունն անհիմն սահմանափակելու համար:
Սույն գործով նախորդ դատական նիստին հարցաքննվեցին տուժող Կ. Քյուփելյանը և ամբաստանյալ Հ. Մազմանյանը, այնուհետև լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների քննարկման փուլում ամբաստանյալի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց ՝ գործով պաշտպան ներգրավվելու պատճառով:
2016 թ. դատական նիստին մասնակցում էին մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը, տուժող Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ամբաստանյալ Հ. Մազմանյանը: Դատական նիստին ներկայացել էր նաև փաստաբան Տանյա Հակոբյանը, որը ներգրավվեց որպես Հ. Մազմանյանի պաշտպան:
Տ. Հակոբյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալին և տուժողին՝ դեպքի օրը Հ. Մազմանյանի ղեկավարության կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքը լքելու ժամը հստակեցնելու համար: Տուժող Կ. Քյուփելյանը լրացուցիչ հարցաքննության ընթացքում նշեց, որ Հ. Մազմանյանին՝ իրեն հսկելու հրահանգ տված վերադաս աշխատակիցները՝ է. Նանյանը և Տ. Աղաջանյանը, հեռացել են 00:00-ից 00:03-ն ընկած ժամանակահատվածում: Ամբաստանյալ Հ. Մազմանյանը, իր պաշտպանի հարցերին ի պատասխան, նշեց, որ Կ. Քյուփելյանին ազատ արձակելու դեպքում կենթարկվեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև՝ աշխատանքից հեռացում:
Տուժողին և ամբաստանյալին որոշ ճշտող հարցադրումներ ուղղեցին նաև դատավարության մյուս մասնակիցները, ինչպես նաև՝ դատարանը:
Ամբաստանյալ Հ. Մազմանյանի փաստաբան Տ. Հակոբյանը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել Է. Նանյանին և Տ. Աղաջանյանին: Դատախազ Հ. Շահբազյանը խնդրեց մասնակիորեն բավարարել միջնորդությունը և գործով որպես վկա ներգրավել միայն Տ. Աղաջանյանին, իսկ տուժողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն ամբողջությամբ միացավ ներկայացված միջնորդությանը՝ ընդգծելով, որ նախորդ դատական նիստին այդպիսի միջնորդություն ներկայացրել էր նաև տուժող կողմը:
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակիորեն և գործով որպես վկա հարցաքննել ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Տ. Աղաջանյանին:
Դատավարության մասնակիցներն այլ միջնորդություններ չունեին:
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ին: