Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
15:42, June 26, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից է:
Այս նպատակով Կազմակերպությունն իրականացնում է մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ և հանդես գալիս առաջարկություններով:
Ինչպես ցույց են տալիս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության որդյունքները, թմրամիջոց գործածող անձինք այսօր կանգնած են առողջապահական, իրավական, սոցիալական տարբեր խնդիրների առջև: Վերջիններիս նկատմամբ բարձր է խտրական վերաբերմունքը, ինչի արդյունքում պարբերաբար խախտվում են նրանց իրավունքները:
Թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2017 թ. մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ 2015-ի և 2016-ի համեմատ՝ թեմայի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, որը ուղղակի կապ ունի ՀՀ Ոստիկանության հրապարակումների թվի հետ, քանի որ լրատվամիջոցները հիմնականում տարածում են Ոստիկանության հրապարակումները:
2015-2017թթ. ընթացքում գերակշռել են թմրամիջոց գործածող անձանց կամ նրանց խնդիրների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները: Դրանց մի մասը պարունակում են «թմրամոլ» կամ «թմրամոլություն» կարծրատիպային բառեր:
Դրանցում տեղեկություններ կան նաև մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին: Հիմնականում խախտվում են խտրականությունից զերծ մնալու, արդար դատաքննության, անձնական տվյալների պաշտպանության, առողջության պահպանման, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները:
Թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ խարանի խորացմանը նպաստող հրապարակումները շարունակում են կայուն տեղ զբաղեցնել, ուստի՝ շարունակվում է նաև թմրամիջոց գործածող անձանց մեկուսացման քաղաքականությունը։
2017 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց անմիացիոն հոլովակ, որը ներկայացնում է, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության խտրական վերաբերմունքը թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ և ինչպես կարող է ազդել նրանց կյանքի վրա: