Ներկայացվեց 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
18:32, December 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն, Քննարկումներ | Ընտրական իրավունք2016թ. դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերաբերյալ 5 գործընկեր կազմակերպությունների (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Գորիսի մամուլի ակումբ և Հայաստանի Հելսինկյան կոմիտե) վերջնական զեկույցի շնորհանդես-քննարկումը, որին ներկա էին հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, օտարերկրյա դեսպանատների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում:
Բացման խոսքով հանդես եկան ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ողջունելով ներկաներին և գործընկերներին շնորհակալություն հայտնելով համագործակցության ու ներդրված ջանքերի համար:
Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման մասնագետ Անուշ Համբարյանը ներկայացրեց դիտորդական առաքելության մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքները և տեղամասերի մատչելիության վերաբերյալ ստացված տվյալներն ու այդ առնչությամբ կազմակերպությունների մտահոգությունները: Շարունակելով Ա. Համբարյանի խոսքը՝ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ամփոփ կերպով ներկայացրեց քվեարկության օրը դիտարկված տեղամասերի հարակից տարածքներում և տեղամասերի ներսում դիտորդների կողմից արձանագրված փաստերը: Ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը խոսեց ընտրողների մասնակցության և ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 30 և 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կայացված որոշումների մասին: Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հնչեցրեց Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների իրականացման վերաբերյալ կազմակերպության գնահատականները:
Զեկուցումներից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց զեկույցի վերաբերյալ իր տեսակետներն ու դիտարկումները, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ խախտումներ եղել են միայն առանձին տեղամասերում և դրանք ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել, անհասկանալի համարեց բռնությունների դեպքերը ընտրությունների հետ կապելը:
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ Ընտրական օրենսգրքի՝ մանդատների բաշխման մասին դրույթը որոշակիորեն տարընթերցվել էր զեկույցի հեղինակների կողմից, ինչի արդյունքում յուրաքանչյուր կուսակցության բաժին ընկնող մանդատների թվի սխալ հաշվարկ էր կատարվել։
Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ զեկույցը վերանայվել է:
Զեկույցի հակիրճ տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ
Ամբողջական տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ