ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կարևոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել
13:17, September 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի մահվանից 9 ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով արձանագրվել էր, որ նրա ունեցած անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ինքնասպանության հանգեցնել:
Չնայած դրան՝ փորձաքննության արդյունքներն ստանալու հաջորդ օրն իսկ՝ 2016 թ. սեպտեմբերի 14-ին, վարույթն իրականացնող մարմինը կասեցրել էր գործի վարույթը՝ առանց դրանք քննության առարկա դարձնելու: Դրա վերաբերյալ տուժող կողմի միջնորդությանն ի պատասխան ավելի ուշ հայտնել էին, որ գործի քննությունը վերսկսված է, և փորձաքննության արդյունքները քննության առարկա են դարձել:
Ամիսներ շարունակ քրեական գործի ընթացքի մասին որևէ տեղեկություն չստանալով՝ Ա. Կարապետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը 2017 թ. հունվարի 13-ին այդ հարցով դիմել է վարույթն իրականացնող մարմնին և 2017 թ. ապրիլի 1-ին պատասխան ստացել այն մասին, որ միջնորդության քննության արդյունքում էական հանգամանքներ չեն պարզվել, և կրկին քրեական գործի վարույթը կասեցվել է:
Մինչդեռ Ա. Կարապետյանի մասնակցությամբ 2015 թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որից հետո վերջինս կալանավորվել և տեղափոխվել էր Արմավիր ՔԿՀ, վարույթն իրականացնող մարմինը կարճ ժամկետներում «պարզել էր», որ ծեծկռտուքի մյուս մասնակիցների գործողությունները անհրաժեշտ պաշտպանություն են եղել Ա. Կարապետյանի գործողություններից և այդ հիմքով դադարեցրել էր նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` Ա. Կարապետյանի գործողությունները որակելով որպես սպանության փորձ:
Իսկ ահա Ա. Կարապետյանի ինքնասպանության գործով վարույթը կասեցնելու մասին որոշման մեջ խոսք չկա միջնորդությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ, նշված չէ, թե ինչ գործողություններ են իրականացվել և դրանց արդյունքում ինչ հանգամանքներ են պարզվել, որոնք վարույթն իրականացնող մարմինը էական չի համարում:
Որոշման մեջ նշվում է դատապարտյալների հարցաքննելու մասին, սակայն չի հստակեցվում, թե ինչ կապ ունեն նրանք գործի հետ, առավել ևս, որ մահվան օրը Ա. Կարապետյանը կարանտինային խցում եղել է մենակ:
Քննության առարկա չի դարձել նաև տուժողի իրավահաջորդ Բ. Կարապետյանին սպառնալու հանգամանքը, որի մասին նշել ենք մեր նախորդ հրապարակումներում:
Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունից վրիպել են նաև վկաների ցուցմունքների միջև որոշ հակասություններ. դրանցից այդպես էլ չի պարզվել, թե Ա. Կարապետյանին կախված վիճակում դատապարտյալներից ով է առաջինը տեսել: Ըստ վարույթն իրականացնող մարմնի հիմնարկում տեղադրված տեսախցիկներով ևս որևէ էական հանգամանք չի պարզվել:
Չնայած դրան՝ քրեական գործը կասեցնելու որոշման դեմ Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի բողոքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. սեպտեմբերի 8-ին մերժել է, վերջինս վերաքննիչ բողոք է ներկայացրել: