ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուղերձը՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ
14:38, January 28, 2017 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր25 տարի առաջ հունվարի 28-ին հիմնադրվեց հայոց բանակը, Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովման երաշխավորը:
Անցած քսանհինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի կայացմանն ուղղված բարեփոխումները դեռևս չեն ապահովել զինված ուժերի նկատմամբ իրական ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության իրականացումը, հատկապես՝ ներքին քաղաքականության բնագավառում զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանումը:
Զինված ուժերում մահացության, կանոնադրական հարաբերությունների խախտման շարունակվող դեպքերի չնվազող թիվը վկայում է զինված ուժերի կառավարումը իրավական պետության սկզբունքներին համապատասխանեցնելուն խոչընդոտող լրջագույն խնդիրների առկայության մասին:
2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունները ևս մեկ անգամ բացահայտեցին զինված ուժերում կոռուպցիայի տարածվածության քայքայիչ ազդեցությունը բանակի մարտունակության վրա, որի հետևանքը հանդիսացավ զոհերի աննախադեպ թիվը:
Սպաները և զինվորները սեփական կյանքի գնով չպետք է փոխհատուցեն տարիներ շարունակ վերը նշված չլուծվող խնդիրների համար:
Հայրենասիրական պրոպագանդայով չպետք է քողարկվի իշխանությունների պատասխանատվությունը զինվորների, սպաների կյանքի, անվտանգության և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման բնագավառներում:
Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին, սպաներին, զինվորներին, բոլոր զինծառայողներին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ՝մաղթում ենք անվտանգ ծառայություն, խաղաղություն և կամք ու ձգտում՝ Ձեր մարդկային արժանապատվության, սեփական իրավունքների պաշտպանության բնագավառում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
28.01.2017