ՔԿՀ-ում մահացածի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին
10:27, January 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԱրմավիրի բանտում ընդամենը մի քանի ժամ անցկացնելուց հետո, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած 20-ամյա Անզոր Կարապետյանի հարազատները նաև ահազանգում են սպառնալիքների մասին։
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 70-ամյա Բորիս Կարապետյանը՝ Անզորի պապը, «Ազատությանը» պատմեց, որ օրերս գյուղ եկած երկու երիտասարդները սպառնալից տոնով իրեն հարցեր են ուղղել․ – «Անծանոթ մարդիկ եկան, ասի էս լրագրողներն են, ես ինչ պատասխանեմ․․․ Բարև ձեզ, ասին, ցավակցում ենք: Ասի՝ ապրեք, շնորհակալ եմ: Բա՝ դուք բողոքե՞լ եք, ասի՝ հա: Բա՝ որ բողոքել եք, դրա տակից դուրս կգա՞ք»:
Շաբաթներ առաջ իր միակ արու թոռանը հուղարկավորած ծերունին դժվարանում է նկարագրել այցելուներին: Ոստիկանություն չի դիմելու․ – «Որ դիմեմ, ինձ ո՞վ հաշվի կառնի»:
Հարազատները չեն վստահում պաշտոնական վարկածին: Հորեղբայրը՝ Բաղդասար Կարապետյանը, ներկա է եղել դատաբժշկական փորձաքննությանը և պնդում է, որ դիակի վրա մի շարք կասկածելի հետքեր է տեսել․ – «Հարյուր տոկոս ինքը ինքնասպան չի եղել: Կոկորդի մոտ կար երեքը երեքի վրա հարվածի տեղ․ սևացած-կապտած էր ու մի քիչ քերծված: Հարված է եղել, որովհետև հենց դրանից էլ շնչահեղձ է եղել ինքը: Ես էլ եմ նկարել, բժիշկն էլ ա նկարել»:
Բաղդասար Կարապետյանը վնասվածքներ է տեսել նաև ձախ ձեռքի դաստակին և երիկամների շրջանում: Կասկածներն է՛լ ավելի է խորացրել քննիչի պատմածը, թե՝ Անզորին գտել են ոչ թե կախված, այլ հատակին ընկած վիճակում։
Պաշտոնական տվյալներով, Անզորի ինքնասպանությունը երրորդն էր անցած մեկ տարվա ընթացքում:
Հատուկ քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Անզոր Կարապետյանի մահվան գործով քննությունը շարունակվում է: Իրավապահները խոստանում են քննել նաև Բորիս Կարապետյանի պնդումները իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ։
Տեսանյութը՝ այստեղ