ԿԿայանա Փնջիկ Թերոյանի գործով վճռաբեկ բողոքի քննությունը
18:51, March 29, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Փնջիկ ԹերոյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանում քննության կառնվի քննչական ապօրինի գործողություններից տուժած Փնջիկ Թերոյանի գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թ. հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը:
Հիշեցնենք, որ Փ. Թերոյանը 2012 թ. ապրիլի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն: Հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ:
Իրականացված քննչական գործողությունների ժամանակ քննիչի կողմից թույլ էին տրվել մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ քննչական գործողություններում որպես ընթերականեր ընդգրկվել են ոստիկանության աշխատակից և անձինք, որոնց ինքնությունը և բնակության վայրը անհայտ է:
Դեպքի վերաբերյալ ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում 2014 թ. սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոնշյալ որոշումը Փնջիկ Թերոյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով:
ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բողոքը մերժելուց հետո Փ. Թերոյանի և վերջինիս ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: