«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2003-2013թթ. Հայաստանին տրված հանձնարարականների գնահատումը» Զեկույցի շնորհանդես-քննարկում
15:56, July 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2015թ. հուլիսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2003-2013թթ. Հայաստանին տրված հանձնարարականների գնահատումը» զեկույցի շնորհանդեսը:
Զեկույցը պատրաստվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան Գործընկերության երկրներում ընտրական հարցերի շուրջ ՇՊ քարոզարշավների ԺԸԵՊ աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Պրոմո-ԼԵՔՍ ասոցացիայի կողմից:
Շնորհանդեսին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ուսումնասիրության նպատակները, խնդիրները, մեթոդաբանությունը և արդյունքները:
Արդյունքների ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան կոնկրետ հանձնարարականների իրականացմանը, մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հակառակ տեղական դիտորդների գործունեությանը նպաստելուն ուղղված հանձնարարականներին, ՀՀ իշխանություններն ավելի են սահմանափակել դիտորդական առաքելությունների լիազորությունները՝ վերացնելով ընտրախախտումների վերաբերյալ կարծիք արտահայտելու դեպքում հետապնդման չենթարկվելու դրույթը, ինչպես նաև նրանց զրկելով ընտրախախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու իրավունքից: Այս առումով Համայնքային ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ կազմակերպությունը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվեի դիտարկում իրականացնելու համար, սակայն մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ որ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված չէ մարդու իրավունքների պաշտպանությունը: Պարոն Մովսիսյանի համոզմամբ ընտրական գործընթացները անմիջական կապ ունեն համայնքային զարգացման հետ և ցանկացած համայնքահեն կազմակերպություն պետք է կարողանա առանց խոչընդոտների դիտարկել իր համայնքում ընտրությունների և հանրաքվեների անցկացումը:
Անդրադառնալով շրջիկ քվեատուփերի կիրառմանը՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանը մտահոգություն հայտնեց, որ քվեատուփերի կիրառման դեպքում կեղծիքների վերահսկողությունը կարող է արդյունավետ չլինել: Մասնակիցների կողմից ներկայացվեցին խնդրի կարգավորման տարբեր առաջարկություններ, սակայն նշվեց, որ այս քննարկման նպատակը չէ առանձին հանձնարարականների իրականացման մեխանիզմների առաջադրումը:
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը հետաքրքրվեց, թե արդյոք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից բարձրացվել է քաղաքական բանավեճի մշակույթի ներդրման հարցը: Նշվեց, որ այս ոլորտում հանձնարարականներն ուղղված են եղել լրատվամիջոցներին՝ առաջարկելով տարբեր միջոցներով ապահովել բազմակարծությունը և ընտրողների պատշաճ իրազեկումը:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ այս ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ ընտրական համակարգը Հայաստանում դեռևս լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այս համատեքստում անընդունելի է Սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեի կազմակերպումը, քանի որ որևէ երաշխիք չկա, որ հանրաքվեի արդյունքները չեն կեղծվի:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը առաջարկեց կազմակերպել աշխատանքային հանդիպում՝ զեկույցում ներկայացված արդյունքները քննարկելու նպատակով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ զեկույցը կներկայացվի նաև համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին: Որոշում կայացվեց կազմակերպել նոր հանդիպում՝ մինչ այդ հնարավորություն ընձեռելով բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ ուսումնասիրության արդյունքներին: