3 տարում ցմահ դատապարտյալների թիվն աճել է 23–ով
00:00, May 25, 2011 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՔրեակատարողական հիմնարկների մշտադիտարկման խմբի անդամները համոզված են, որ վաղաժամկետ ազատման իրավունք ունեցող ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի գործին ընթացք չտալը կարող է նպաստել ցմահ ազատազրկվածների կարգապահության անկմանը։
«99 ցմահ բանտարկյալ սպասում են, որ լրանա մեկի 20 տարին ու տեսնեն`ազատ կարձակվի, թե` ոչ, որ իմանան հետագայում իրենց ինչպես պահեն։ Տեսնելով, որ իրավական ոչ մի ձևակերպում չունենալով՝ անհիմն այդ գործընթացը ձգձգվում է ու քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս չեն թողնում, նրանք կորցնում են իրենց վերջին հույսը»,- համոզված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մշտադիտարկման խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը։
Ազատազրկման 20 տարին լրանալուց հետո ցմահ դատապարտյալները, ովքեր անազատության տարիներին ոչ մի խախտում չեն գործել և կարգապահ են եղել, կարող են ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի։
Վաղաժամկետ ազատ արձակման հարցը մեկն է այն տասնյակ խնդիրներից, որոնք առանձնացրել է մշտադիտարկման խումբը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային բանտային բարեփոխումներ (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպության կողմից անցկացված մոնիթորինգի ընթացքում։
Մոնիթորինգի նպատակն էր ուսումնասիրել «Միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության համապատասխան Հայաստանում ցմահ դատապարտյալների պահման պայմաններն ու իրավական կարգավիճակը»։ Նման մոնիթորինգ իրականացվել է նաև 2008թ-ին՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա ցմահ ազատազրկման դատապարտված 99 անձ, նրանք բոլորն էլ արական սեռի ներկայացուցիչներ են։ 2008-ից մինչ այժմ նրանց թիվն ավելացել է 23-ով: Ցմահ դատապարտվածների շարքերում կա մեկ Լիբանանի քաղաքացի,մեկ’ Վրաստանի և 3 դատապարտյալ էլ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ են։
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խիստ ռեժիմով փակ տիպի քրեակատարողական հիմնարկում, հիմնականում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում:
Նրանց խցերը միատեսակ են և ունեն 30մ2 մակերես, որտեղ հիմնականում պահվում են 4 անձիք։ Ելնելով մյուս դատապարտյալների հետ միջանձնային խնդիրներից՝ որոշ խցերում ապրում է 2 անձ: Ռեժիմը նախատեսում է հետևյալ իրավունքները. օրական մեկ ժամ զբոսանք, ամենշաբաթյա լողանալու, ամեն ամիս մինչև 70 կգ ծանրոցներ ստանալու և ամսական մինչև 3 անգամ հեռախոսազանգերի հնարավորություն:
«Խցերը վերանորոգված են, բայց դրանք հիմնականում վերանորոգվում են անմիջապես դատապարտյալների միջոցներով։ Նրանք ամեն օր ստանում են երեքանգամյա սնունդ, բայց երևի թե ցածր որակի պատճառով դրանից չեն օգտվում ու սնվում են հարազատների բերած սնունդով։ Նրանք ունեն նաև կրթություն ստանալու իրավունք, բայց չեն կարող օգտվել դրանից, քանի որ կրթութունը վճարովի է։ Վերջին 3 տարիների ընթացքում նաև հնարավորություն չունեն զբաղվել սպորտով, քանի որ սպորտի սենյակը հիմա օգտագործում են որպես խուց»,- հայտնում է մշտադիտարկման խմբի անդամ Գայանե Շահնազարյանը։
Ցմահ դատապարտյալներն ունեն տարեկան մեկ երկարատև’ 3 օր տևողությամբ և 3 կարճաժամկետ տեսակցության իրավունք: Նրանք ունեն նաև կրթություն ստանալու իրավունք:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներից Օֆելյա Չարչյանը նշեց, որ այդ մեղադրանքները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայումս 2 ցմահ դատապարտյալ վճարովի կրթություն է ստանում։
«Մենք ունենք սպորտ, մինչև ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փախուստը, 6-րդ հարկում եղել է սեղանի թենիս, որտեղ նրանք զբոսնում են, իսկ այժմ կա շախմատ։ Մենք ուզում էինք իմ գրասենյակում դնեինք թենիսի սեղանը, բայց բանտարկյալները չուզեցին»,- www.hra.am -ին ասաց Օֆելյա Չարչյանը։
Չարչյանն նշեց, որ իրենք ստիպված են սպորտի սենյակը խցի վերածել, քանի որ ցմահ դատապարտյալների թիվը շատ է, իսկ խցերը՝ քիչ ու այժմ, եթե մեկը ցմահ ազատազրկվի, նա տեղ չի ունենա։
PRI հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ցիրա Չանտուրիան նշեց, որ տարածաշրջանային համեմատությամբ՝Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, շենքային շատ վատ պայմաններ են, և ցմահ ազատազրկվածների թիվն էլ ավելի շատ է՝ 245, Վրաստանում նրանց թիվը հասնում է 94-ի։
«Կրթական ծրագրերը Ադրբեջանում էլ են քիչ իրականացվում, իսկ Վրաստանում ընդհանրապես չեն իրականացվում։ Վրաստանում ,ցավոք սրտի, նաև կան 4 կին բանտարկյալներ, ովքեր հիմնականում թմրադեղային թրաֆիքինգի մեջ են մեղադրվում»,- հայտնում է Չանտուրինան։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կազմակերպված ահաբեկչական գործողություններից հետո ի հայտ եկած ցմահ դատապարտյալների առկայությունը ևս բարդացնում է մյուս ցմահ ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am