Հանրային պաշտպանը վստահորդի շահերին հակասող գործողություններ է իրականացրել
17:41, January 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Քրեակատարողական հիմնարկներԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներ Ռոբերտ Մուրադյանի, Անդրանիկ Մխիթարյանի և Ջոն Մարտիրոսյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հաղորդման հիման վրա 2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հարուցվել էր քրեական գործ, սակայն 2014 թ. հոկտեմբերի 3-ին կայացվել էր որոշում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
2014 թ. դեկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դիմում-բողոք էր ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին պահանջով վերացնել ՀՀ ՀՔԾ հոկտեմբերի 3-ի որոշումը և գործն ունղարկել նոր քննության, սակայն բողոքը մերժվել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները ստանալու և ուսումնասիրելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քննչական գործողություններում նոր խախտում հայտնաբերեց: Մասնավորապես, այն հանգամանքը, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել էր նաև Անդրանիկ Մխիթարյանի պաշտպան Ժ. Պետրոսյանը:
Այս հանգամանքը պարզ է դառնում քրեական գործի նյութերում առկա հետևյալ պարբերությունից՝ «ինչ վերաբերվում է Ա. Մխիթարյանի այն հայտարարությանը, որ քննիչները չեն արձանագրել ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություններ գործադրելու մասին արված հայտարարություն՝ հերքվել է ինչպես քննիչներ Հայկ Մարտիրոսյանի և Վիգեն Մարգարյանի, այնպես էլ Ա. Մխիթարյանի պաշտպան Ժ. Պետրոսյանի ցուցմունքներով»:
Այս մեջբերումը թույլ է տալիս պնդել, որ քրեական գործի շրջանակներում հացաքննվել է նաև ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ժորա Պետրոսյանը:
Համաձայն ՀՀ փաստաբանության մասին օրենքի՝ արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքերի վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ:
Համաձայն փաստաբանների վարքագծի կանոնագրքի՝ փաստաբան Ժ. Պետրոսյանը խախտել է մի շարք կետեր, այդ թվում կատարել է իր վստահորդի շահերին հակասող գործողություններ:
Հիմք ընդունելով վերոնշայլը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: