ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի դիմումը
11:11, June 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հիմնադիր Խորհրդարան2016 թ. հունվարի 29-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ նույն թվականի փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի և երթի մասին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը իրազեկման առնչությամբ իր որոշմամբ սահամանափակել է հավաքի անցկացման ժամանակահատվածը՝ կրճատելով այն, և արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում:
Վերոնշյալ որոշումը Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է վարչական դատարան, որն էլ 2016 թ. փետրվարի 19-ին մերժել է հայցը և վճռի եզրակափակիչ մասում, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, նշել, որ «Սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Սրանով, փաստորեն, Վարուժան Ավետիսյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից:
Վարուժան Ավետիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը 2016 թ. հունիսի 6-ին դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը որոշելու հարցով:
2016 թ. հունիսի 21-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը, գտնելով, որ դիմումը համապատասխանում է Դատարան դիմելու բոլոր նորմերին, քննության է ընդունել Վարուժան Ավետիսյանի դիմումը և որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Դիմումի քննությունը նշանակված է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին: