ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել
11:40, June 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Կարեն ՔյուփելյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007 թ. նոյեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման էր ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել էր 19:00-ի սահմաններում: Կ. Քյուփելյանը ՀՀ ԱԱԾ վարչական շենք տեղափոխվելուց հետո շուրջ մեկ օր՝ մինչև 2007 թ. նոյեմբերի 2-ը, 17:00-ի սահմանները, պահվել էր այնտեղ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԱԾ աշխատակից Հ.Մ.-ին, իսկ Է. Ն.-ի և Տ. Ա.-ի մասով կայացվել էր քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որն էլ բողոքարկվել էր նախ ՀՀ Գլխավոր դատախազություն, ապա՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, քննության առնելով տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թ. հոկտեմբերի 19-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ, 2016 թ. մարտի 23-ին մերժել էր այն:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2016 թ. մայիսի 20-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որով նշվել է, որ և քննիչ Ա. Օհանյանի, և դատարանի որոշումները հիմնավոր չեն և հակասում են գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանին հարցադրումներ հղելով այն մասին, թե արդյոք տուժող Կ. Քյուփելյանի ցուցմունքները կարող էին վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ արժանահավատ դիտարկվել միայն այն հիմքով, որ վերջինս գործով շահագրգիռ անձ է հանդիսանում և արդյոք նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար:
Տուժող կողմի դիտարմամբ՝ Կարեն Քյուփելյանի հայտնած տվյալներն արժանահավատ չհամարելն արդեն իսկ գործի քննության նպատակից շեղում է, քանզի այն պետք է ուղղված լիներ տուժողի խախտված իրավունքների իրական պաշտպանության ապահովմանն ու վերականգնմանը, բացի դրանից՝ Կարեն Քյուփելյանը որպես տուժող ներգրավվել է քրեական գործ հարուցելուց 2.5 ամիս անց միայն (փաստացի՝ նախաքննության ավարտին):
Տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը վճռաբեկ բողոքում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է ոչ բոլոր հնարավոր միջոցները՝ գործով անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ, հետևաբար՝ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունների սպառման մասին պնդումներն անհիմն են: