Զտման գործընթացը շարունակվում է, և դա շատ լավ է
11:33, October 30, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հետևելով եռյակի հանրահավաքային տրամաբանությանը, ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունը:
Գոնե մի հարց գտան, որը կարող է ներկայացվել որպես քաղաքական, որի շուրջ այդ ուժերը կարող են հանդես գալ որպես դաշինք ու գործողությունների ծրագիր համարել: Որովհետև մինչ այդ որևէ հստակ քաղաքական մոտեցում չէր ներկայացվում: Կարող էին նույնկերպ համաձայնության գալ նաև Գյումրիի քաղաքապետի ընտրության կամ այլ ընտրովի մարմինների ընտրություններում համատեղ հանդես գալու հարցում, բայց իրականում բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում հիմնականում նախագահի պաշտոնն է որոշիչ նշանակություն ունեցողը և, ըստ էության, ամեն բան նախագահն է որոշում: Ասենք նույն Մաքսային միություն մտնելու հարցը միանձնյա որոշել է նախագահը, ԱԺ-ն այդտեղ դեր չի ունեցել, ու հիմա կարծես զգուշավորությամբ են վերաբերում նախագահի ինստիտուտին, փորձ չեն անում գնալ սրացումների, որը կարող է անհարմար իրավիճակ ստեղծել հատկապես ԲՀԿ-ականների համար, քանի որ այսօր եռյակում կամ քառյակում առավել խոցելին ԲՀԿ-ն է՝ իր օլիգարխներով ու գրաված դիրքով: Դրա փորձը կա դեռևս 2008-ի ընտրությունների ժամանակ, երբ Խաչատուր Սուքիասյանն իր քաղաքական կողմնորոշման համար ընկավ հարկային ապօրինի մամլիչի տակ: Այնպես որ, շատ ավելի խոցելի կարող է լինել Գագիկ Ծառուկյանն իր օլիգարխ արբանյակներով, որոնք ընդգրկված են ԲՀԿ ցուցակում: Հիմա փորձ են անում ինչ-որ մի դաշտ ձևակերպել, որ հանրության աչքին երևան որպես քաղաքական օրակարգ ունեցող ուժերի համախմբում:
Տեր–Պետրոսյանը Հայաստանի՝ ԵՏՄ–ի դեմ հանդես եկողներին անվանեց մարգինալներ, ամբողջ ելույթը նվիրեց նրանց: Ինչո՞ւ նրա իսկ խոսքով այդ 20-30 հոգին նման ջղաձգում են առաջացրել Տեր–Պետրոսյանի մոտ:
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ըստ Տեր-Պետրոսյանի պատկերացումների այդ մարդիկ 20-30 հոգի են, խնդիրը ոչ թե քանակի մեջ է, այլ այն հիմնական հարցում, որն օրակարգում ներկայացված է, և այնքան լուրջ է ներկայացված, որ երկու հանրահավաքների ընթացքում մարդը որոշում է անդրադառնալ՝ բնութագրելով որպես մարգինալներ կամ ջղաձգվողներ: Այսինքն՝ իր պատկերացմամբ այնպիսի հարց է բարձրացված այդ 20-30 հոգու կողմից, որն անտեսելը շատ անհարմար է, և նույնիսկ անտրամաբանական է որևէ վերաբերմունք չարտահայտելը: Դրա համար ընդամենը փորձ է արվում նրանց վարկաբեկել և ներկայացնել որպես մարգինալներ: Իրապես թիվը շատ ավելի մեծ է: Հանրապետության բնակչության առնվազն երեքից մեկը հստակ կողմ է Եվրամիության ինտեգրմանը, և դա հստակ է:Իհարկե, Տեր-Պետրոսյանի խոսքում շատ անտրամաբանական բաներ կային, մասնավորապես հղում է կատարում Ուկրաինային, թե տեսեք այդ երկիրն ինչ կորուստներ ունեցավ, երբ հակադրվեց Մոսկվային, սակայն մոռանում է Մոլդովայի մասին: Հայաստանի հետ ավելի շատ համեմատելի է Մոլդովան, և իր բնակչության քանակով, և տարածքով, նաև նրանով, որ Մոլդովայում և Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմակայաններ: Այսինքն բոլոր չափորոշիչներով, այդ թվում ռիսկերի տեսակետից, Հայաստանն իր վիճակով շատ ավելի մոտ է Մոլդովային, բայց համեմատությունները տարվում են Ուկրաինայի հետ, որի հետ համեմատության եզր չունենք: Եթե համեմատությունն արվեր Մոլդովայի հետ, ապա Տեր-Պետրոսյանը որևէ փաստարկ չէր ունենալու, որովհետև Մոլդովան ունենալով գրեթե նույն խնդիրները, ինչ Հայաստանը, այդուհանդերձ գնաց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Միակ տարբերությունը Հայաստանի և Մոլդովայի այն է, որ Մոլդովայում նույնիսկ կոմկուսն է կողմ եվրոպական ինտեգրմանը, իսկ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ուժերը, բացի «Ժառանգության» 1-2 ներկայացուցչից, ունեն Կրեմլին չհակադրվելու դիրքորոշում: Ի դեպ, Մոլդովայից ևս մեծ թիվ են կազմում ՌԴ-ում արագնա աշխատողների մեկնածները: Մոլդովան էլ ունի բավական լուրջ կապվածություն Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ: Այդուհանդերձ Մոլդովան արեց քաղաքական քայլ՝ քթի տակ ունենալով Մերձդնեստրի ռուսական ռազմաբազան, որը բավական լուրջ զինվորական միավորում է: Այսինքն նույնիսկ այդ իմաստով որևէ քննության չի դիմանում մոտեցումը, երբ հնարավորինս սքողելով սեփական քաղաքական դիրքորոշումը, նշվում է, թե իբր ԵՏՄ-ին անդամակցելուն չհամաձայնելու դեպքում կունենայինք ավելի մեծ վտանգներ:Ուկրաինայի դեպքում պատկերը բոլորովին այլ է, որովհետև Ռուսաստանի հիմնական թիրախը ոչ թե Հայաստանն է, Մոլդովան կամ Վրաստանը, այլ հենց Ուկրաինան: Այս առումով ՀՀ քաղաքական վերնախավը՝ թե ԱԺ-ում, թե հարթակում գտնվողները, պատասխանատվություն է կրում ՀՀ քաղաքական անկախության վաճառքի համար: Նրանք սրա համար նաև պատմական պատասխանատվություն են կրելու: Պատմության դասագրքերում իրենց նման դիրքորոշումը մնալու է որպես անփառունակ, քաղաքական տեսակետից սնանկ, թույլ ու վախկոտ, որոնք ամենաճակատագրական պահին ընտրեցին ենթարկվելու, հպատակվելու վարքագիծը, ոչ թե արժանապատիվ կեցվածքը, որը նույնպես բավական պրագմատիկ հիմքեր ուներ ու հիմնավոր էր: Ես կարծում եմ, որ այս դիսկուրսը դեռ շարունակվելու է և օրակարգում մնալու է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության հարցը: Այդ հարցադրումից խուսափելու կամ մոռացության մատնելու որևէ վարքագիծ չի կարող փրկել այն պատասխանատվությունից, որի մասին ասացի: Իսկ դա փորձել սքողել, կամ փորձել ներկայացնել որպես մարգինալների օրակարգային հարց, անիմաստ է, որովհետև նրանք ոչ թե 20-30 հոգի են, այլ հասարակության 20-30 տոկոսը:
Ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ 2015-ի բյուջեում արտացոլված չէ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը, հնարավոր ռիսկերը: Սա ինչի՞ արդյունք է, գուցե պետությունն ինքն էլ չի հավատում ԵՏՄ–ի ապագային:
Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներից երևի թե միակն է, որ որևէ հաշվարկ չունի: Ղազախստանը, Բելառուսը, անգամ Ղրղըզստանը ունեն գնահատական, և միայն Հայաստանն է, որ բացարձակապես որևէ տնտեսական գնահատական չունի, թե որոնք կարող են լինել ԵՏՄ-ին անդամակցելու զուտ տնտեսական հետևանքները: 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ պարզվեց նաև, որ այդ նախագծի պատրաստման ժամանակ անգամ առաջադրանք չի տրվել գնահատել ԵՏՄ-ին անդամակցելու հնարավոր ռիսկերն ու հետևանքները: Ես ավելի հակված եմ այն մտքին, որ իրականում ունեն այդ գնահատականները, պարզապես դրանք հրապարակելու դեպքում նրանք վախենում են հասարակության հնարավոր բացասական արձագանքից: Այն բոլոր հիմնավորումները, թե ԵՏՄ-ին միանալն օգտակար է Հայաստանի համար, միանգամից սնանկ դուրս կգային, եթե այդ գնահատականները հրապարակվեին և արտացոլվեին բյուջեում: Այսինքն մենք հերթական անգամ գործ ունենք ՀՀ քաղաքացիներից ԵՏՄ անդամագրման հետևանքով վնասները թաքցնելու դիրքորոշման հետ: Սա հիշեցնում է Տիգրան Սարգսյանի խոսքը, որ ասում էր եկեք ֆինանսական ճգտնաժամից չխոսենք, որ այն չգա:Բայց այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը. ինչո՞ւ ընդդիմությունը չի բարձրաձայնում այդ մասին, հատկապես որ սա ոչ թե արտաքին քաղաքական խնդիր է, այլ կապ ունի երկրի բյուջեի հետ: Ես ակնկալում եմ, որ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը պետք է բարձրացնեն այդ հարցը, թե ինչ ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ անդամակցությունը: Հիմա այդ ուժերն անտեսելո՞ւ են ԵՏՄ-ին անդամակցելու գործոնը բյուջեի և տնտեսական քաղաքականության վրա: Բա խոսեք, արտահայտվեք, հատկապես որ այսօրվա քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը հենց բյուջեն է: Այս դեպքում հարցն արդեն արտաքին քաղաքական չէ, այն հենց քաղաքական ուժերին է վերաբերում: Եթե նրանք իրենց դիրքորոշումն այս դեպքում էլ չեն արտահայտում, նշանակում է հրաժարվում են ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում Սերժ Սարգսյանի որոշումներին գնահատական տալուց, այլև ներքին քաղաքականությունը գնահատելուց: Այստեղ արդեն կոռուպցիայից, մենաշնորհներից խոսելը դառնում է պոպուլիստական պահվածք:Երբ մենք վերլուծում ենք, հասկանում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը կոսմետիկ նշանակություն ունի՝ սքողելու համար իրենց ներքին շահը, քանի որ ոչ իշխանական դաշտում ԲՀԿ-ն է հիմնական ֆինանսական ռեսուրսը, շատերի համար դրանից օգտվելու քաղաքական շանսը կա: Սա շատ պրագմատիկ, պարզունակ վիճակ է: Հայաստանում ֆինանսական երկու կենտրոններ կան՝ մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ Քոչարյանը, որը հանդես է գալիս երբեմն նաև ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի միջոցով: Բյուջեի քննարկումների ժամանակ շատ ակնառու երևում է հարթակում կանգնած ոչ իշխանական ուժերի տարօրինակ վիճակը, երբ նրանք նույնիսկ իրենց տրամաբանության շրջանակներում ստիպված են լինելու պատասխանելու, դրսևորվելու, դիրքորոշում արտահայտելու այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք արդեն զուտ ներքին խնդիրներ են: Արտաքին գործոնի անտեսումը հանգեցնում է նրան, որ նրանք ստիպված են անտեսել նաև ներքին գործոնը:Մյուս կողմից, ես շատ կուզենայի, որ բացատրվեր, թե ինչպես են մարդու իրավունքները պաշտպանվելու ԵՏՄ-ի կազմում, ինչպես այդ մասին պնդում է Տեր-Պետրոսյանը: Սա ինձ համար որևէ տրամաբանական հիմնավորումից զուրկ պնդում է և շատ հետաքրքիր կլիներ լսել նման պնդման հիմնավորումները: Կարելի է հստակ ասել, որ իրապես լյուստրացիան, զտման գործընթացը շարունակվում է, և դա շատ լավ է:
Աղբյուրը` www.lragir.am